Վարդան Ղուկասյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի գործով ականատեսներ վկաներ են ի հայտ եկել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիի Մուշ թաղամասի գազալցակայաններից մեկում նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ ծեծկռտուքի գործով ականատես վկաներ են ի հայտ եկել:
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ իրավապահները տեղեկություններ են ձեռք բերել, որ միջադեպին ականատեսներ են եղել, որոնց այս օրերին հրավիրել են հարցաքննության: Սակայն, ինչպես ցույց է տալիս իրավիճակը, ականատեսները եւս խոսքերը մեկ են արել եւ իրավապահներին հայտնել են, թե որեւէ միջադեպ չի եղել, եւ իրենք որեւէ միջադեպի ականատես չեն եղել:
Ինչպես հայտնի է՝ մայիսի սկզբներին պատգամավորի որդին դաժան ծեծի էր ենթարկել «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդուն:
Ըստ էության, վերջին հույսը մնացել է նշանակված փորձաքննությունը, որը կամ կհաստատի, կամ կհերքի՝ արդյոք Ջանոյանի քրոջ որդին ծեծի ենթարկվել է, թե ոչ:
Նշենք, որ տեղի ունեցած միջադեպի մասով հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
