Վարդեւան Գրիգորյանի որդու ինքնասպանության գործը կասեցվել է. հարուցվել է նոր քրեական գործ
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի 26-ամյա որդու ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է:
Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերի 20-ին հայտնաբերվել էր Վարդեւան Գրիգորյանի որդու՝ 26-ամյա Արշակ Գրիգորյանի դին՝ իրենց առանձնատան նկուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքից հետո ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց նշելով, որ ըստ նախնական տեղեկությունների, Գրիգորյանը ինքնասպանություն է գործել. դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110 հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): Բացի դա, իրավապահները նկուղից հայտնաբերել էին ապօրինի զենք, որով կատարվել էր ինքնասպանությունը:
Այդ ժամանակ Վարդեւան Գրիգորյանը գլխավորում էր Գյումրու ավագանու ԲՀԿ-ի ցուցակը եւ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե Գրիգորյանի որդու մահվան պատճառը մրցակիցների փակցրած պաստառներն են եղել: Որպես հիմնավորում նշելով այն, որ դեպքի նախորդ օրը երեկոյան Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակում գովազդային պաստառ է փակցվել, որի վրա եղել է Վարդեւան Գրիգորյանի նկարն ու զառեր՝ «հաջողության բանաձեւը» վերտառությամբ: Գյումրեցիների պատմելով՝ պաստառը տեղադրելու մտահղացումը եղել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդունը՝ Միսակինը:
Այսօր տեղեկացանք, որ Արշակ Գրիգորյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է սույն թվականի մարտ ամսին:
Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ հավելելով, որ գործը կասեցվել է որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով: Այլ կերպ ասած, նախաքննական մարմնին չի հաջողվել պարզել, թե որն է եղել Արշակ Գրիգորյանի ինքնասպանություն գործելու պատճառը:
Նշենք, որ նախաքննության փուլում Վարդեւան Գրիգորյանը դեմ է եղել, որպեսզի որդու ինքնասպանության դեպքի վերաբերյալ իրավապահները տեղեկություններ հաղորդեն լրատվամիջոցներին:
Ինչ վերաբերում է Արշակ Գրիգորյանին պատկանող ապօրինի զենքին, որը հայտնաբերվել էր դեպքի վայրում, ապա Սոնա Տռուզյանը փոխանցեց, որ այդ մասով առանձին քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի հատկանիշներով՝ Արշակ Գրիգորյանին ապօրինի կերպով զենք եւ փամփուշտներ իրացնելու դեպքի առթիվ: Այս մասով նախաքննությունն այժմ շարունակվում: Գործի շրջանակներում հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար:
