Վարդուհի Վարդերեսյանի բողոքը.
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ խմբագրություն էր զանգահարել ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Վարդուհի Վարդերեսյանը՝ խնդրելով փոխանցել իր խոսքը համապատասխան մարմիններին: Հանրաճանաչ արտիստուհուն վրդովվեցրել է ՀՀ կառավարության՝ բնակչության նախկին խնայողությունների խորհրդային խնայբանկերում մնացած գումարների փոխհատուցման կարգը:
Թերթի հետ զրույցում տիկին Վարդերեսյանը նշել է. «Ո՞ր «հանճարեղ» գլուխն է մտածել 80-ն անց մարդկանց զրկել նրանց հասանելիք՝ Սովետական Միության շրջանում ավանդ դրած գումարից: Սա խեղկատակություն է: Ես չեմ ուզում բացատրել այդ մարդկանց, թե ինչ է նշանակում խնայողություն: Այդ բառը շատ ղեկավարների ականջին խորթ է հնչում: Այլ կերպ ինչպե՞ս բացատրել, այսպես ասած, «օրենքը», որն այն քաղաքացիներին, որոնք Սովետի ժամանակ խնայդրամարկղերում գումար են ունեցել, ապա կհատուցի մի պայմանով. Գումարն ստանալու համար քաղաքացին պետք է լրացնի «Փարոս» կազմակերպության ստորացուցիչ մի փաստաթուղթ, որտեղ անձը խոստովանի, որ այժմ որեւէ անշարժ գույք չունի, որ հասել է աղքատության շեմին: Ո՞վ է թույլ տվել խաղալ մարդկանց հոգիների հետ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» օրաթերթի՝ 10.06.15թ. համարում:
