Վաշխառուները քաղաքացիներին դրդում են ինքնասպանության
1in.am-ը գրում է.«Առաջին լրատվական»-ի հարցերին է պատասխանում «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը
- Մեկ տարուց ավելի է՝ Դուք բարձրաձայնում եք վաշխառության և խարդախության դեպքերի մասին: Բազմաթիվ գործեր քննվում են դատարանում, մի մասն էլ նախաքննության փուլում են: Ի՞նչ զարգացումներ կան այս գործերում:
-Մեր պայքարը կարող էր ավելի լավ արդյունքներ տալ, եթե իրավապահ համակարգն այսչափ կոռումպացված չլիներ: Վաշխառուների և խարդախների դեմ պայքարում մենք բախվեցինք պաշտոնյաների անտարբերությանը, ամենաթողությանն ու անգրագիտությանը: Հանդիպեցինք ոչինչ չընկալող ուղեղով մի շարք կամակատարների, որոնք միայն թե հաճոյանան և պատվերը ճիշտ ժամանակին կատարեն, պատրաստ են խաղալ մարդկային ճակատագրերի հետ, կայացնել անհեթեթ ու նույնիսկ զավեշտալի որոշումներ, կարճեն ակնհայտ հիմնավոր քրեական գործերը և դա կատարեն հատուկ ցինիզմով: Իմ բոլոր ասածները կարող եմ հատ-հատ ապացուցել փաստաթղթերով, միայն թե մեր Ոստիկանությունը, Դատախազությունն ու դատական համակարգը անտեսում են այդ փաստերը:
-Կարող եք հստակ ներկայացնել, թե ինչպես են գործում վաշխառուների խմբավորումները:
-Նախ ասեմ, որ վաշխառուն հիմնականում նախկին կամ ներկա պաշտոնյա է, որը հարստացել է անհայտ և հավանաբար ապօրինի եղանակներով: Նրանց ձեռագիրը նույնն է գրեթե բոլոր գործերում: Վաշխառուն իր գործակալների միջոցով գտնում է նեղության մեջ հայտնված քաղաքացիների, որոնց շտապ մեծ գումար է պետք և որոնք ունեն սեփականություն, որը կարող են գրավ դնել: Սակայն վաշխառուները չեն կնքում գրավի պայմանագիր, այլ շինծու առքուվաճառքի պայմանագիր են ձևակերպում, որով քաղաքացու սեփականությունը անցնում է վաշխառուին, և բանավոր պայմանավորվում են, որ գումարը վերադարձնելուց հետո սեփականությունը հետ կտան տվյալ քաղաքացուն: Սակայն ամիսներ անց այդ վաշխառուն դիմում է դատարան՝ քաղաքացիներին իրենց տնից վտարելու պահանջով և հիմնականում հասնում է իր ուզածին, քանի որ նախօրոք շինծու պայմանագիր են կնքած լինում: Փաստորեն, քաղաքացու սեփականությանը վաշխառուն տիրանում է վճարելով ընդամենը դրա իրական արժեքի 1/3-ը: Այստեղ է, որ բացահայտվում է նրանց խարդախությունը: Տոկոսով փող տվողները իրականում հենց սկզբից էլ կանխամտածված քաղաքացուն ստիպում են կնքել առքուվաճառի պայմանագիր՝ հետագայում նրա ունեցվածքը խլելու մտադրությամբ:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
