Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին
Փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Հելեն Ֆեյզիին՝ ՀՀ-ում Միացյալ Թագավորության ռազմական կցորդ Թոնի Բրամվլի (նստավայրը` ք.Թբիլիսի) և պաշտպանության հարցերով խորհրդական տիկին Քլեր Մք Քեյնի (նստավայրը` ք.Թբիլիսի) ուղեկցությամբ: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հելեն Ֆեյզին շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին՝ Հայաստանի համար բարդ ժամանակահատվածում պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, ցավակցություն հայտնել ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների համար:
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների դադարեցումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Վաղարշակ Հարությունյանի կողմից առանձնահատուկ շեշտադրվել է Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձի խնդիրը: Բրիտանական կողմի խնդրանքով ներկայացվել են նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրը, առկա սպառնալիքներն ու ակնկալվող զարգացումները:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է նաև, որ իրականացվում է ռազմական գործողությունների ընթացքում արձանագրված թերությունների և բացթողումների գնահատում, ինչը կարող է հանգեցնել ինչպես զինված ուժերին առնչվող կառուցվածքային, որոշումների կայացման ընթացակարգերի ու մարտավարության, այնպես էլ օրենսդրական փոփոխությունների:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանության բնագավաոռւմ հայ-բրիտանական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները: Կողմերը համաձայնել են, որ լրացուցիչ քննարկումների արդյունքում կնախաձեռնվեն առաջնահերթ շահերից և հետաքրքրություններից բխող համագործակցության նոր ոլորտներ:
Բրիտանական կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունն արդեն առկա, ինչպես նաև հայկական կողմից առաջարկվող նոր ուղղություններով: