Վայոց ձորում սպանված տարեց կնոջ գործով դեռահասի են բռնել. մանրամասներ
Վայոց Ձորի Վերնաշեն համայնքում 1 շաբաթ առաջ սպանված 76-ամյա Գոհար Բարսեղյանի գործով որպես կասկածյալ ոստիկանները ձերբակալել են Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 16-ամյա Նարեկ Խաչատրյանին։
NEWS.am-ի տեղեկություններով՝ 76-ամյա կինը դեպքի օրն առավոտյան տնից դուրս է եկել, գնացել հողամաս եւ մինչեւ երեկո չվերադառնալուց հետո ընտանիքի անդամներն անհանգստացել են եւ գնալով հողամաս՝ գտել Գոհար Բարսեղյանի դին՝ գլխի հատվածում բաց, բութ, գանգուղեղային վնասվածքով:
Դին հայտնաբերելուց հետո պարզվել էր, որ տարեց կնոջ ականջօղերն անհետացել էին: Այս օրերին իրավապահ մարմինները մի քանի տասնյակ մարդկանց էին բերման ենթարկում՝ պարզելու, թե ով է կատարել սպանությունը:
Ըստ Քննչական կոմիտեի՝ հոկտեմբերի 24-ին երեկոյան Վայոց Ձորի Վերնաշեն գյուղի առանձնատներից մեկի հարեւանությամբ գտնվող հողամասում հայտնաբերվել էր նույն գյուղի բնակչուհի, 76-ամյա Գոհար Բարսեղյանի դին: