Վերականգնվել է «Շիրակի» պետական համալսարանի աշխատանքից ազատված դասախոսի աշխատանքային իրավունքը
ԳՅՈՒՄՐԻ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շիրակի պետական համալսարան» հիմնադրամի աշխատանքից ազատված դասախոս Գագիկ Համբարյանը, դատարանի որոշմամբ, վերականգնեց իր աշխատանքային իրավունքը:
Հուլիսի 26-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը բավարարեց Գագիկ Լևոնի Համբարյանի հայցն ընդդեմ Շիրակի Մ. Նալբանդյանի անվան համալսարանի ռեկտորի 15.03.2018թ. թիվ 52 հրամանը անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի միջին աշխատավարձի բռնագանձման պահանջի մասին հայցը:
Նիստը նախագահող դատավոր Հովհաննես Ղազարյանը, ներկայացնելով դատական վճիռը, նշեց, որ վերականգնվում է դասախոս Համբարյանի աշխատանքային իրավունքը, համալսարան հիմնադրամից հօգուտ Համբարյանի բռանգաձվում է հարկադիր պարապուրդի ամբողջ գումարը ՝ ամսական միջինը 194 հազար դրամ հաշվարկով: Վճիռը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամանակահատվածում:
Վճռի հրապարակմանը պատասխանող կողմի ներկայացուցիչ դատարանի դահլիճում չկար:
Գագիկ Համբարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, փաստեց՝ շտապելու է աշխատանքի: «Ես 5 տարի սովորել եմ այդ բուհում, 15 տարի դասավանդել եմ նույն բուհում և մինչ այս ոչ մեկը չի դժգոհել իմ գիտամանկավարժական և գիտամեթոդական գործունեությունից: Ինձ սիրում են նաև ուսանողները: Այս որոշումը, որ կայացվեց, բուհի գիտական խորհրդի խայտառակ պատկերն է՝ դասախոսի հասարակական գործունեությունը չի կարող հիմք հանդիսանալ նրա գիտամանկավարժական որակի համար»,- նշեց դասախոսը:
