Վերջապես կողմնորոշվեք՝ Դուք Կառավարությու՞ն եք, թե՞ սովորական համայնատիրություն
Երբ Հովիկ Աբրահամյանը առանց խղճի խայթ զգալու հայտարարում է, որ 2016 թվականին լավ բան չպետք է սպասել, նա չի՞ գիտակցում արդյոք, որ այդպիսի արտահայտություններ կարող է անել գուցե ԲՇՏ-ի պետը, կամ էլ թե չէ ինչ- որ խուլ գյուղի գյուղապետ , բայց ոչ թե ՀՀ վարչապետը: Իսկ միգուցե շուտափույթ կանխատեսումներ անելու փոխարեն պետք էր մի քիչ լարել սեփական ուժերը, նստել , մտածել, անիմաստ գործուղումներ գնալու փոխարեն նոր նախաձեռնությամբ, նոր ծրագրերով հանդես գալ, մի՞գուցե հենց այդ ճանապարհն է հարիր իսկական վարչապետին: Հանձնվել յուրաքանչյուրս էլ կարող ենք, բայց երկրի գործադիր մարմնի ղեկավարը թե՛ բարոյական, թե՛ այլ նկատառումներով պարզապես իրավունք չունի: Պատկերացնու՞մ եք 20-րդ դարի 20-ականներին Խորհրդային Հայաստանի վարչապետ Ալեքսանդր Մյասնիկյանը ասեր.՛՛ Ժողովուրդ, ինձ վրա հույս չդնեք ու լավ բան չսպասեք՛՛: Ախր, պարոն Վարչապետ, որ Ձեր վրա հույս չդնեն, բա ու՞մ վրա հույս դնեն մեր թոշակառուները, հաշմանդամները, անապահովները, բա որ ասում եք լավ բան չսպասեք, արդյոք չեք մտածու՞մ, որ միայն այդքանը բավական է, որպեսզի հազարավոր մարդիկ արտագաղթելու մասին միանգամից որոշում կայացնեն: Բա պարոն վարչապետ, որ այդքան շուտ հանձնվում եք, ոչ մի նոր նախաձեռնություններով, առաջարկներով, ծրագրերով հանդես չեք գալիս, ինչու՞ բարի չեք գտնվում գոնե ուրիշների առաջարկները, թեկուզ օրենքի նախագծերը, լուրջ նախաձեռնությունները ընդունել, միգուցե դրանք կարող են որոշակի փոփոխություն մտցնել այս անմխիթար վիճակում: