Վերջապես մենք իմացանք, թե որտեղից մեր համեստ հոգևորականին այդ «համեստ» մեքենան
Comment
Պարզվում է, մեր երկրում խոշոր գործարարներն ու պաշտոնյաները ոչ միայն գիրք չեն կարդում, այլև հեռուստացույց էլ չեն նայում, հակառակ դեպքում գոնե կիմանային, թե ինչպես կազմակերպել ֆինանսական խոշոր մախինացիաներ: Հայտնի օֆշորային սկանդալի մասնակից գործարար Աշոտ Սուքիասյանը իր առաջին ցուցմունքում գրել էր, թե Նավասարդ Կճոյանի և Տիգրան Սարգսյանի ստորագրությունները կեղծելով՝ նրանց անուններով Կիպրոսում բանկային հաշիվ է բացել, որպեսզի վերջիններս իր համար «կռիշ» հանդիսանան, իսկ օրեր առաջ երկրորդ ցուցմունքում գրել է, թե այդ հաշիվները բացել է նրանց անուններով, որպեսզի նրանց նվեր տա...
Ախր նման գործարքի մեջ մտնելուց առաջ մարդը պետք է գոնե մի քանի դետեկտիվ ժանրի վեպ կարդա, մի քանի ամերիկյան ֆիլմեր նայի, կամ եթե դա էլ չի անում, գոնե հիշողության հետ խնդիրներ չունենա և ցուցմունք տալիս հիշի, թե նախորդ ցուցմունքում ինչ է ասել, որ ասածներն իրար համապատասխանեն: Թե չէ ստացվում է, որ Սուքիասյանը պարզապես մատնեց իր երկու նախկին «բարեկամներին»՝ այդպիսով իրական «նվեր» մատուցելով նրանց: «Նվերի» հնարավոր հետևանքների մասին դեռ վաղ է խոսել, բայց հաշվի առնելով, թե ինչպիսի երկրում ենք ապրում՝ չի բացառվում, որ հետևանք չլինի:
Այստեղ առավել հետաքրքիրը չարաբաստիկ Բենթլիի առեղծվածի բացահայտումն էր. վերջապես մենք իմացանք, թե որտեղից մեր համեստ հոգևորականին այդ «համեստ» մեքենան, որից նա համառորեն ուզում էր ազատվել ու գումարով բարեգործություն անել, բայց այդպես էլ չկարողացավ, երևի ձեռքերը չգնացին...
Տիգրան Սարգսյանն արդեն ԱՄՆ-ում է, հարցը փակվեց գնաց, Բենթլի Կճոյանն էլ ինչպես միշտ՝ կարող է ջրից չոր դուրս գալ, իսկ այ Սուքիասյանի բանը բուրդ է՝ և դա իր իսկ մեղքով: Նա նույնիսկ որպես քավության նոխազ էլ չի կարողանում իր դերը լավ կատարել:
Արտյոմ Եդիգարյան