Վերջին մեկ ամսվա ընթացքում պարենային ապրանքները թանկացել են 2.5%-ով
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ անցած՝ նոյեմբեր ամսին հոկտեմբերի համեմատ Հայաստանում արձանագրվել է պարենային ապրանքների 2.5% գնաճ:
Վիճակագրական ծառայությունը դա մեկնաբանում է հիմնականում բանջարեղենի գնաճով:
Ըստ այդմ, կարտոֆիլի գինը շուկայում թանկացել է` 13.3%-ով, վարունգինը՝ 37.9%, կանաչ պղպեղինը` 47.3%, լոլիկինը՝ 76.4%, իսկ սմբուկի գինը 2.4 անգամ, խառը կանաչին թանկացել է 16%-ով, ծաղկակաղամբը՝ 6.4%-ով, բողկը՝ 3.1%-ով:
Ավելացել են նաև ոչ պարենային ապրանքների գները՝ 0.9 %-ով: Հիմնականում, ըստ վիճակագիրների, թանկացել է վառելիքը՝ 1.2%ով:
Սակայն հետաքրքրական է, որ բենզինի և դիզելային վառելիքի գները, պաշտոնական վիճակագրության համաձայն, նվազել են համապատասխանաբար 3.3 և 1.3%-ով, չնայած այն բանին, որ, մասնագետների հավաստմամբ, Հայաստանում բենզինի ու դիզվառելիքի գները համարժեք կերպով չեն արձագանքում միջազգային շուկայում գրանցվող անկմանը:
Վերջին մեկ ամսվա ընթացքում էապես աճել են նաև կենցաղային էլեկտրաապրանքների գները. պաշտոնական վիճակագրության համաձայն դրանք թանկացել են 1.3%-ով, հագուստի և գործվածքի գները՝ 2.3%-ով, կոշկեղենի գինը 2.7%-ով:
Փոխարենը նվազում են հատկապես մեր երկրում արտադրվող ապրանքների գները. գորգեղենի գինը նվազել է 1.7%-ով, ոսկերչական ապրանքների՝ 1.5%-ով, այգեգործական ապրանքների՝ 1.7%-ով:
