video «Ձեր կուրսեցի դոդիկները…». ԵՊՀ ուսանողների «ռազբիրատը» ավարտվել է սպանությամբ
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ սկսվեց Կարեն Չատիկյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հունվարի 11-ին Երևանի Վարդանանց 28 շենքի բակում գտնվող տաղավարում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Կարեն Չատիկյանը դանակով հարվածել է Ռաֆի Մարտիրոսյանին և Վահե Մուրադյանին, ինչի հետևանքով անչափահաս Ռաֆի Մարտիրոսյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս, իսկ Վահե Մուրադյանին դիտավորությամբ զրկել է կյանքից:
Ըստ մեղադրանքի՝ գործով տուժողներ Ռաֆի Մարտիրոսյանը, Վահե Մուրադյանը, ինչպես նաև Դավիթը, Հասմիկը, Լիլիթը, Վահեն ու գործով վկա մի քանի երիտասարդներ միասին սովորել են Երևանի Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում: Ընկերություն են արել: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել են պետհամալսարանի տարբեր ֆակուլտետներ, մասնավորապես՝ Մարտիրոսյանն ու Մուրադյանն ընդունվել են տեղեկատվական անվտանգության ֆակուլտետ, նրանց ընկերները՝ կիրառական մաթեմատիկայի, ռադիոֆիզիկայի ֆակուլտետներ:
Դասընկերները համալսարան ընդունվելուց հետո էլ շարունակել են հանդիպել ու ընկերություն անել:
Միաժամանակ նրանցից ոմանք մասնակցել են օլիմպիադաների, ստացել են մրցանակներ:
Մասնավորապես՝ Ռաֆի Մարտիրոսյանը հերթական օլիմպիադայում մրցանակ է շահել՝ նրան տրվել է քարտ՝ 10 հազար դրամ գումարով, որով Մարտիրոսյանը կարող էր մասնագիտական և այլ գրականություն գնել:
Այս մրցանակի ստացումից հետո, երբ նախկին դասընկեր-ներկա ուսանողները նորից հանդիպել են պետհամալսարանում, սկսել են կատակել Մարտիրոսյանի ստացած մրցանակի վերաբերյալ, նա էլ ասել է մոտավորապես հետևյալը՝ ձեր կուրսեցի դոդիկները թող առնեն քարտը, իրենք գրքերը վերցնեն, ինձ գումարը տան:
Չնայած հավաքվածները մտերմություն անող երիտասարդներ էին, բայց հիշյալ արտահայտությունը կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում սովորողներից ինչ-որ մեկը հասցրել է իր համակուրսեցիներին, որոնցից Կարեն Չատիկյանը վիրավորվել ու ցանկացել է պարզաբանում ստանալ նման արտահայտություն անող տղայից:
Կարեն Չատիկյանը նախ համակուրսեցի Հասմիկից փորձել է ճշտել Ռաֆիի հեռախոսահամարը, իսկ երբ աղջիկը համարը չի տվել, Չատիկյանն ու համակուրսեցի մի քանի տղաներ ցանկություն են հայտնել անձամբ հանդիպելու Ռաֆի Մարտիրոսյանի հետ՝ պարզելու համար, թե ում հասցեին է նա ասել «դոդիկներ»:
Հանդիպումը նշանակվել է Երևանի Վարդանանց 28 շենքի բակում գտնվող բացօթյա տաղավարում 2017 թվականի հունվարի 11-ին, ժամը 14-ի սահմաններում:
Ռաֆի Մարտիրոսյանին զանգել ու հանդիպման մասին տեղեկացրել են Դավիթն ու Վահե Մուրադյանը:
Ըստ մեղադրանքի՝ այս հանդիպմանը Կարեն Չատիկյանը գնացել է՝ հետը վերցնելով «թիթեռնիկ» տեսակի դանակ:
Հանդիպման ընթացքում տղաների միջև առաջացել են վեճ ու քաշքշուկ, ապա նրանք սկսել են հարվածել միմյանց, Կարեն Չատիկյանն էլ իր մոտ եղած դանակով մահացու հարվածներ է հասցրել Վահե Մուրադյանին՝ վնասելով նրա սիրտը, թոքը, ու միջին ծանրության վնաս է պատճառել Ռաֆի Մարտիրոսյանի առողջությանը:
Կարեն Չատիկյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 113 հոդվածի 1-ին մասերով:
Անչափահաս տուժող Ռաֆի Մարտիրոսյանը դատարանի հարցին պատասխանեց, թե չի հաշտվել Կարեն Չատիկյանի հետ, ցանկանում է, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության:
Մեղադրողն ընթերցեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, և ամբաստանյալ Կարեն Չատիկյանն ասաց, թե չի ցանկանում դիրքորոշում հայտնել իրեն առաջադրված մեղադրանքների վերաբերյալ:
Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգը՝ հարցաքննել անչափահաս տուժող Ռ. Մարտիրոսյանին, տուժողի իրավահաջորդին, ապա՝ վկաներին, այնուհետև հետազոտել գործում առկա այլ ապացուցներն ու փաստաթղթերը, վերջում հարցաքննել ամբաստանյալին:
Տուժող Ռաֆի Մարտիրոսյանը իր ցուցմունքում հայտնեց, թե ինքը վիրավորական իմաստով չի ասել «դոդիկներ» բառը: «Դոդիկները», իր պատկերացմամբ, այն ուսանողներն են, ովքեր սիրում են սովորել: Երբ ընկերական կատակախառն խոսակցության ժամանակ առաջարկել է իր մրցանակը վաճառել դասընկերների համակուսեցի «դոդիկներին» ու նրանցից կանխիկ 10 հազար դրամ ստանալ, որպես «դոդիկ»՝ որևէ կոնկրետ անձի նկատի չի ունեցել, ասել է ընդհանրական ու ոչ վիրավորական իմաստով:
Ռաֆին ասաց, թե ինքը չի իմացել, որ իր արտահայտությունը փոխանցվել է կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի համապատասխան կուրսի ուսանողներին:
Երբ դեպքի օրը զանգել են Դավիթն ու Վահեն, ասել են պարզաբանման վերաբերյալ, Ռաֆին մտածել է, թե իր ասածը սխալ է հասկացվել, նա գնացել է հանդիպման, որպեսզի բացատրի, թե կատակով է ասել ու կոնկրետ անձանց նկատի չի ունեցել:
Բացօթյա տաղավարի աջ կողմում նստել են Ռաֆի Մարտիրոսյանը, Վահե Մուրադյանը, վերջինիս ընկերուհի Անին, իսկ ձախ կողմում՝ Ռաֆիից պարզաբանում պահանջող Կարեն Չատիկյանը, նրա ընկերներ Քաջիկն ու Գևորգը: Նրանց միջև տաղավարի սեղանն էր, որն ամրացված էր գետնին:
Ըստ Մարտիրոսյանի՝ խոսակցությունը սկսել է Կարեն Չատիկյանը: Նա հարցրել է. «Ի՞նչ արտահայտություն եք թույլ տվել»: Նա իմացել է՝ կոնկրետ ով է արել այդ արտահայտությունը:
Ըստ Մարտիրոսյանի՝ ինքը պատասխանել է՝ ասելով, թե արտահայտությունը կոնկրետ ոչ մեկին, այդ թվում՝ ներկաներին, ուղղված չէր: Հարցրել է Կարենին՝ ձեր կուրսում դոդիկներ կա՞ն: Նա պատասխանել է՝ չկան: Ինքն էլ ասել է՝ ուրեմն ձեր կուրսի մասին չեմ ասել:
Ըստ Մարտիրոսյանի՝ Կարեն Չատիկյանը շարունակել է «վատ տոնով» խոսել, ասել է՝ չպիտի էդպիսի արտահայտություն անեիր: Տոնը բարձրացնելու համար Չատիկյանին դիտողություն է արել Վահեի ընկերուհի Անին: Եվ, ըստ Ռաֆիի, Կարեն Չատիկյանը բռունցքով հարվածել է Անիի դեմքին՝ նրա ընկեր Վահեի ներկայությամբ:
Այդ հարվածից հետո սկսվել է քաշքշուկն ու իրարանցումը: Վահեն բարձրացել է տաղավարի սեղանին: Ռաֆին էլ է բարձրացել՝ Վահեի կողքին լինելու համար, բայց սայթաքել ու վայր է ընկել: Երբ տեղից բարձրացել է, դանակ է տեսել Կարեն Չատիկյանի ձեռքին ու տեսել է, որ նա այդ ձեռքով անընդհատ հարվածելու «կտրուկ շարժումներ» է անում Վահեի ուղղությամբ, իսկ Վահեն փորձում է պաշտպանվել: Վահեին պաշտպանելու նպատակով Ռաֆին էլ է մոտեցել ու դանակի հարվածներ է ստացել ձախ ոտքի ու ձախ ձեռքի շրջաններում՝ լուրջ վնասվածքները եղել են ոտքի շրջանի վնասվածքները, վնասվել են նաև ձախ ձեռքի մատները:
Այս իրարանցման մեջ բեկում են մտցրել շրջակա բնակիչների ձայները: Ըստ Ռաֆիի՝ Կարենը, լսելով այդ ձայները, դիմել է փախուստի, փախել են նաև Քաջիկն ու Գևորգը: Վերջիններիս կողմից որևէ գործողություն տուժող Ռաֆին դեպքի պահին չէր տեսել:
Երբ Կարենն ու ընկերները փախել են, Ռաֆին ու Վահեն էլ դուրս են եկել տաղավարից, ու Վահեն ընկել է: Տեսել են, որ նա վնասվածքներ ունի սրտի շրջանում: Նրան պառկեցրել են տաղավարի սեղանին, բայց Վահեն արդեն ի վիճակի չէր խոսելու…
Պատասխանելով կողմերի հարցեին՝ Ռաֆի Մարտիրոսյանն ասաց, որ ինքն ու Վահեն պարզաբանման էին գնացել ո՛չ կռվելու, այլ հաշտվելու նպատակով: Իրենց մոտ որևէ առարկա չկար:
Ռաֆին տեսել էր Չատիկյանի ձեռքի դանակը, որը նրա պատկերացմամբ մեծ դանակ էր, բայց ներկայումս այն տեսնելու դեպքում դժվար թե ճանաչի, քանի որ բռնակը չի տեսել:
Ռաֆին ասաց, որ Վահեն ցանկանում էր դանակը վերցնել Կարենի ձեռքից՝ պաշտպանական նկատառումով, բայց չէր կարողանում, իսկ Կարենը շարունակում էր հարվածներ հասցնել վնասելու դիտավորությամբ: Վահեն ու Կարենը դեմ դիմաց էին:
Դանակը Կարենի ձեռքից ինքն էլ է փորձել վերցնել, բայց չի կարողացել, Կարենը հարվածներ է հասցրել իր ոտքին, վնասել է ձեռքը:
Ըստ Ռաֆիի՝ Կարենը հարվածներ էր հասցնում ու «չէր հանգստանում»: Ինքը կոնկրետ դանակի երեք հարված է ստացել ձախ ոտքի վերին, միջին ու ստորին մասերում:
Պատասխանելով ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Լիանա Գրիգորյանի հարցերին՝ Ռաֆին ասաց, թե Կարեն Չատիկյանն այնպիսի հարված չէր ստացել, որ վայր ընկներ: Նրա ընկնելն ինքը չի տեսել: Թե ինչ դիրքից է Չատիկյանը դանակով վնասել իր ոտքի ստորին հատվածը, Ռաֆին ասաց, թե չի հիշում:
Ռաֆին ասաց, թե դեպքի ընթացքում իրենք չեն հայհոյել, իսկ Կարեն Չատիկյանը Անիին հարվածելուց հետո հայհոյել է իրենց բոլորին:
«Դոդիկ» արտահայտության համար ներողություն խնդրելու առաջարկ չի եղել, պարզաբանողական խոսակցությունն էլ շատ կարճ է տևել: Ըստ Ռաֆիի՝ քանի որ ինքն անհասցե էր ասել «դոդիկ» արտահայտությունը, որևէ մեկից ներողություն խնդրելու անհրաժեշտություն չի տեսել:
Հարցաքննության ավարտին Ռաֆի Մարտիրոսյանն ասաց, որ իր բուժման համար իրենք ծախսեր արել են: Քաղհայցի պահանջ դեռևս ներկայացված չէ: Տուժող Ռաֆին դատարանի հարցին պատասխանեց, թե ամբաստանյալ Չատիկյանի համար պահանջում է խիստ պատիժ:
Տուժողի իրավահաջորդը՝ սպանված Վահե Մուրադյանի հայրը, համարյա բան չասաց, նա ներկա չէր եղել դեպքին, իմացել էր ուրիշներից: Երբ ամբաստանյալի շահերի պաշտպանը ցանկություն հայտնեց ըստ երևույթին ՝ցավակցական բառեր ասել տուժողի իրավահաջորդին, վերջինս ասաց, թե չի ցանկանում լսել: Իր որդու՝ Վահե Մուրադյանի մասին որդեկորույս հայրն ասաց, որ Վահեն «հա՛մ ակտիվ էր, հա՛մ հանգիստ, նա խելացի էր, բազմակողմանի զարգացած», փողոցային կռիվների սիրահար չէր, ոստիկանության հետ երբեք առնչություն չէր ունեցել:
Տուժողի իրավահաջորդը պահանջեց Կարեն Չատիկյանին պատժել «օրենքի շրջանակներում»: Նա դեռևս քաղհայցի պահանջ չի ներկայացրել:
Գործով 9 վկաներ են դատակոչված:
Հաջորդ դատական նիստին՝ հոկտեմբերի 6-ին, դատարան կհրավիրվեն դատակոչի ցուցակով առաջին 5 վկաները: