Վիետնամում կորոնավիրուսի նոր տեսակ են հայտնաբերել
Վիետնամում կորոնավիրուսի նոր տեսակ են հայտնաբերել՝ COVID-19-ի հնդկական եւ բրիտանական տեսակների խառնուրդ, որն արագորեն տարածվում է օդով, ասել է Վիետնամի առողջապահության նախարար Նգուեն Թան Լոնգը: Այս մասին հաղորդել է Reuters-ը:
Անցյալ տարվա ընթացքում կորոնավիրուսը հաջողությամբ զսպելուց հետո, Վիետնամն այժմ պայքարում է ավելի արագ տարածվող վարակի նոր բռնկման հետ:
«Նոր հիվանդացած պացիենտների գեները հաջորդականացնելուց հետո հայտնաբերել ենք կորոնավիրուսի նոր տեսակ, որն իրենից հնդկական եւ բրիտանական տեսակների խառնուրդ է ներկայացնում», - ասել է Նգուեն Թան Լոնգը:
Նոր տեսակի լաբորատոր նմուշները ցույց են տվել, որ վարակը բավականին արագ է տարածվում, ինչը բացատրում է, թե ինչու են կարճ ժամանակում տարբեր վայրերում այդքան շատ նոր դեպքեր գրանցվել:
Մինչ օրս Հարավարեւելյան Ասիայի երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 6396 դեպք, այդ թվում՝ մահվան 47 դեպք:
