Վիտալի Բալասանյանը կանչվել է ՀՔԾ՝ հարցաքննության. բոլորը գիտեն պատճառը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հատուկ քննչական ծառայությունում շարունակում են քննել Մարտի 1-ի գործի անջատված մասը, որի շրջանակներում հարցաքննության են հրավիրվում բազմաթիվ անձինք՝ նախկին, ներկա պաշտոնյաներ: Մենք տեղեկացանք, որ հարցաքննության է կանչվել նաեւ Արցախի հերոս, Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնաթող քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Ծանուցումով նրան հրավիրել են ՀՔԾ՝ սեպտեմբերի 5-ին հարցաքննության, սակայն քանի որ ծանուցագիրն ուշ է ստացվել` 4-ի երեկոյան, այսինքն՝ պատշաճ ծանուցում չի եղել, հարցաքննության օրը հետաձգվել է։
Արցախից Հայաստան գալու համար ոչ թե մեկ-երկու ժամ է պահանջվում, այլ առնվազն մեկ-երկու օր։ Արցախում կարծում են, որ այս պարագայում եւս գործելու է Ռոբերտ Քոչարյանի կամ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառված հնարքը՝ հարցաքննության անվան տակ հրավիրել եւ կալանավորել։
Սակայն բոլորը հասկանում են, որ Վիտալի Բալասանյանին հրավիրելու իրական պատճառը նրա վերջին օրերի հարցազրույցներն ու հայտարարություններն են, մանավանդ այն միտքը, թե Մարտի 1-ին ժողովրդի վրա կրակել են Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր խումբը․ «Ի՞նչ է նշանակում՝ ժողովրդի վրա են կրակել: Ժողովրդի վրա կրակել է Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ իր խմբով: Կգա ժամանակը, ես էլ տեղյակ եմ Մարտի 1-ի դեպքերից, ես էլ ինֆորմացիաներ ունեմ՝ ինչ է կատարվել»։
Նա ակտիվորեն քննադատում է Հայաստանի իշխանությունների, իրավապահների գործունեությունը՝ հեգնելով, թե իր նկատմամբ Երեւանում «շոուներ» սարքեցին ու ասում էին՝ կանչելու են հարցաքննության, բայց մինչ այսօր չեն կանչել։ Վիտալի Բալասանյանի հետ զրուցել մեզ չհաջողվեց՝ նա չպատասխանեց զանգերին, իսկ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը Վիտալի Բալասանյանին ծանուցելու եւ այլ հարցերին ի պատասխան՝ ասաց․ «Չենք մեկնաբանում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում