«Վիզդ կթռցնեմ, քո նմաններին պիտի վառեն». «Մերիի» հաճախորդները «հոպ-ստոպ» են արել
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ ավարտվել ու վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է արդեն Գարիկ Հ.-ի և Հարութ Ա.-ի գործի քննությունը:
25-ամյա Գարիկը դատապարտվել է դանակի գործադրմամբ կատարած ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասով:
24-ամյա Հարութը դատապարտվել է ուրիշի գույքի բացահայտ հափշտակության՝ կողոպուտի փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Հանցավոր արարքների հետևանքով տուժած անձը նույնն է: Երկու հանցավոր արարքները նրա նկատմամբ կատարվել են միաժամանակ…
Ըստ մեղադրանքի՝ 2015թվականի մարտի 20-ին, գիշերվա ժամը 3-ին Գարիկ Հ.-ն Բագրատունյաց փողոցում մոտեցել է մարմնավաճառությամբ զբաղվող Կարինեին՝ «Մերի» մականունով:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Գարիկը մոտեցել է Կարինեին, իր մոտ եղած դանակը մոտեցրել է կնոջ պարանոցին, սպառնացել է կտրել նրա կոկորդը և գումար է պահանջել:
Այդ ընթացքում Գարիկը մարմնավաճառուհուն հրել է դեպի մոտակա ցանկապատը:
Մարմնավաճառուհին նույնպես հրել է Գարիկին, կարողացել է ազատվել նրանից, մի քանի մետր հեռանալ ու բջջային հեռախոսով ցանկացել է զանգահարել:
Սակայն Գարիկը նորից մոտեցել է, «բռնի ուժով մարմնավաճառուհու ձեռքից հափշտակել է մոտ 30 հազար դրամ արժողությամբ բջջային հեռախոսը»:
Նույն այս պահին, երբ Գարիկը քաշքշում էր Կարինեին, նրա ընկեր Հարութը ցանկացել է օգտվել ստեղծված իրավիճակից:
Ըստ մեղադրանքի՝ Գարիկին դիմադրող մարմնավաճառուհու գույքը բացահայտ հափշտակելու նպատակով Հարութը մոտեցել է նրան, ձեռքը մտցրել է նրա բաճկոնի գրպանն ու բացահայտ հափշտակել է 3 հատ 1000 դրամանոց, 6 հատ պահպանակ և «Վիպ» հյուրանոցի այցեքարտը:
Կարինեն գոռացել, օգնություն է կանչել:
Կնոջը լռեցնելու համար, ըստ մեղադրանքի, Հարութը մի քանի անգամ ապտակել է նրան՝ գործադրելով նրա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն:
3 հազար դրամի ու 6 հատ պահպանակների կողոպուտը, ըստ մեղադրանքի, Հարութն ավարտին չի հասցրել, քանի որ հենց դեպքի վայրում բռնվել է ոստիկանների կողմից:
Ավազակության համար մեղադրվող Գարիկ Հ.-ն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց:
Դատարանը հրապարակել է նրա նախաքննական ցուցմունքները:
Համաձայն այդ ցուցմունքների՝ Գարիկը Հարութին ճանաչել է շուրջ երկու տարի: 2015 թվականի մարտի 19-ին, ըստ Գարիկի ցուցմունքի, ինքն ու Հարութն իրենց տանը ալկոհոլ են օգտագործել: Հետո որոշել են գնալ երևանյան մարմնավաճառների մոտ: Հայանիստ գյուղից տաքսիով եկել են Երևան:
Գիշերվա ժամը երկուսին հասել են Երևանյան լճի մոտ: Տաքսին ճանապարհել ու ոտքով գնացել են դեպի Գ. Նժդեհի հրապարակ: Իրենց է մոտեցել մի մարմնավաճառուհի և առաջարկել է 7 հազար դրամով բազմաբնույթ սեքսուալ ծառայություններ մատուցել: Ինքը զայրացել է այդ բնույթի առաջարկից ու երկու անգամ ապտակել է մարմնավաճառուհուն: Այդ ժամանակ իրենց է մոտեցել Հարութը, նա էլ իր հերթին է երկու անգամ ապտակել մարմնավաճառուհուն: Բայց այդ պահին իրենց են մոտեցել ոստիկանները ու իրենց բոլորին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին:
մանրամասները`1-in.am-ում:
