Վկան հեռախոսի քարտը կուլ է տվել, որ չիմանան, թե ում հետ է խոսել
«Հայկական Ժամանակ»-ն անդրադարձել է Արգիշտի Կիվիրյանի գործով դատավարությանը:
Դատարանը լսել է գործով երկու վկայի: Ինչպես նշում է թերթը, վկաներից Հմայակ Փաշինյանը հարցաքննության ժամանկ կուլ է տվել հեռախոսի քարտը, որպեսզի չասի, թե մինչև դատական նիստն ում հետ է խոսել հեռախոսով:
Թղթակցի հետ զրույցում Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանն ասել է, որ մյուս պաշտպանը՝ Երվանդ Վարոսյանը, մինչ դատական նիստը լսել է, թե ինչպես է վկան խոսում ոմն Վիգենի հետ և ասում. «Ու՞ր ես ինձ ուղարկել, շան բերան ես ուղարկել»:
Հարցաքննության ժամանակ պաշտպանները վկայից հարցրել են, թե ով է Վիգենը, ինչին չի պատասխանել վկան: Իսկ երբ պաշտպանները վկայի հեռախոսահամարն են հարցրել, նա հեռախոսից հանել է քարտն ու կուլ տվել:
Ինչպես հայտնել է պաշտպան Լուսինե Սահակյանը, այս վկան այն վկան է, ով տեսել է, թե ինչպես են ակտիվիստները հայհոյում ոստիկաններին և Արգիշտի Կիվիրյանին, ով, ըստ վկայի, շատ ակտիվ է եղել:
Առավել մանրամասն՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
