Վրեժի շարժառիթով՝ հայրը մի քանի անգամ կրակել է հրացանից, սպանությամբ սպառնացել
Ա․ Ա․-ն նախկինում Ս․ Գ․-ի որդու կողմից իր որդու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի կապակցությամբ, վրեժի շարժառիթով, երկփողանի որսորդական հրացանով երկու անգամ կրակոց է արձակել Ս․ Գ․-ի տնամերձ հողամասից մոտ 4 մետր հեռավորության վրա գտնվող հողամասի ծառերի ուղղությամբ և հեռացել է։
Գործը դատարան ստացվել է 2023 թ․-ի սեպտեմբերի 11-ին։ Այն մակագրվել է դատավոր Սարգիս Հովհաննիսյանին։
Iravaban.net-ը փոխանցում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 23-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Գ․ Ս․-ի հետ վարել է «Վազ 2102» մակնիշի ավտոմեքենան և հասնելով Ս․ Գ․-ին պատկանող, նույն փողոցի 13 հասցեում գտնվող տան մոտ՝ նկատել է Ս․ Գ․-ին, ապա ավտոմեքենայից հանել է իրեն պատկանող «ԻԺ-43Ե-1Մ» մոդելի, 76675 գործարանային համարի, 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանն ու երկու անգամ կրակել։
Քիչ անց, արդեն Գ․ Ս․-ն, վարելով «Վազ 2102» մակնիշի ավտոմեքենան, Ա․ Ա․-ի հետ հասել են Ս․ Գ․-ի մոտ, որի ընթացքում Ա․ Ա․-ն կրկին ավտոմեքենայի միջից հանել է իրեն պատկանող որսորդական հրացանը և այն պահել է մոտ 10 մետր հեռավորության վրա գտնվող Ս․ Գ․-ի ուղղությամբ՝ իր գործողություններով ի ցույց դնելով սպանության սպառնալիքն իրականացնելու իրական վտանգի առկայությունը։ Այնուհետև վարելով հեռացել են և շրջադարձ կատարելուց հետո վերադարձել են, որի ընթացքում Ա․ Ա․-ն կրկին 2 կրակոց է արձակել Ս․ Գ․-ի տան ուղղությամբ ու հեռացել։
Նշենք, որ նախնական դատալսումները կսկսվեն 2024թ․-ի հունվարի 15-ին՝ ժամը 16։30-ին։
Ծանուցում․ Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: