Վթարի ենթարկված ընտանիքին օգնելու փոխարեն թալանել է.
«Ժողովուրդ»-ի տեղեկացմամբ՝ օրերս դժբախտ դեպք է տեղի ունեցել Վայքի տարածաշրջանի Սարավան գյուղում:
Այս հատվածում վթարի է ենթարկվել Վայքից մի ընտանիք տեղափոխող ավտոմեքենան, որի պատճառով 6-ամյա երեխան հիվանդանոցի ճանապարհին մահացել է, իսկ ծնողների վիճակը ծայրահեղ ծանր է:
Սակայն, ինչպես թերթն է ներկայացնում, այս դեպքը առանձնանում է նրանով, որ վթարի ենթարկված մեքենային մոտեցած անհայտ մի անձ տուժածներին օգնելու փոխարեն թալանել է մեքենայում եղած-չեղածը ու հեռացել:
Կարծիքներ կան, որ թալանողը հովիվ է եղել, ում հայտնաբերել են տեղացիները ու ծեծել, ապա ՝ տեղափոխել հիվանդանոց:
Լրատվամիջոցն այս տեղեկությունները փորձել է ճշտել ոստիկանությունից, որտեղից, սակայն, հայտնել են, որ վերջին մեկ շաբաթում նման դեպք չի գրանցվել: Իսկ թերթին հաջողվել է պարզել, որ վթարի ենթարկված ընտանիքի հայրը ԼՂՀ քաղաքացի է և վերջերս է Հայաստան եկել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի` 25.10.2014թ. համարում:
