Ղարաբաղյան նոր պատերազմը Ռուսաստանին կստիպի կողմերից մեկին ընտրել
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:
– Լրացավ Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի միջև հրադադարիկնքման 21 տարին: Այս տարիների ընթացքում մեկ անգամ չէ, որհրադադարը խախտվել է, և այն պահպանելու փոխարեն՝ մենքտարեցտարի ականատես ենք լինում խախտման ավելի շատ դեպքերի՝հատկապես լարված իրավիճակ էր նախորդ տարվա հուլիս–օգոստոսամիսներին: Այս խախտումներն ի վերջո կարո՞ղ են հանգեցնելլայնամասշտաբ պատերազմի վերսկսման, թե՞ կողմերը դեռ կարող ենփոխզիջումային տարբերակով խնդրի խաղաղ կարգավորման հասնել:
– Այո, զինադադարն այդպես էլ չվերածվեց տևական խաղաղության: Ավելին՝ մասնակի կամ լայնամասշտաբ պատերազմի վտանգը մեծացել է: Սա պայմանավորված է հակամարտող կողմերի մոտ իրական փոխզիջման գնալու բացակայությամբ, ինչպես նաև Ադրբեջանի տնտեսական և ռազմական վերելքով: Վերջինս ավելի ինքնավստահ է և աստիճանաբար «թեժացնում է» շփման գիծը ու փորձում ճնշում գործադրել Մինսկի խմբի վրա: Քանի դեռ ադրբեջանական կողմը ԼՂ խնդրի ռազմական լուծումը համարում է միանգամայն իրական ճանապարհ, այսինքն՝ նախընտրում է «ամեն ինչ կամ ոչինչ» տարբերակը, ապա զինադադարը կշարունակվի խախտվել:
Սրան նաև նպաստում է Ադրբեջանի ներքաղաքական գործոնը: Ազգայնական զարգացումները վերջին 21 տարվա ընթացքում ուժգնացել են, և ԼՂ-ի շուրջ անկայունությունը լավ միջոց է՝ հասարակության ուշադրությունը շեղելու Ադրբեջանի ներքին լուրջ խնդիրներից: Ադրբեջանցիները արագ և զգացմունքորեն են արձագանքում սահմանային բախումներին, Հայաստանն ու ԼՂ-ն, անկասկած, ամենաոխերիմ թշնամիներն են իրենց երկրի համար: Սա նշանակում է, որ երկրի ներսում թշնամիներ փնտրելու կարիք չկա: Այս կիսապատերազմական վիճակը օգնում է նախագահ Ալիևին արդարացնել իր միանձնյա իշխանությունը, մանավանդ որ՝ նա շարունակում է բանակը զինել և ավելի ազգայնական կեցվածք գրավել հայկական կողմի նկատմամբ:
Իհարկե, ԼՂ խնդիրը շահարկել և շահարկում են նաև ՀՀ ներկայիս և նախկին իշխանությունները: Սա հիմնականում արվել է՝ կանխելու համար լայնածավալ հասարակական ընդվզումները կառավարության դեմ, և օգնել է ներկայիս քաղաքական իշխող խավին կոնսոլիդացնել իր իշխանությունը՝ վնասելով առողջ ընդդիմությանը:
Սահմանային բախումները կարող են հանգեցնել լայնածավալ «պատահական» պատերազմի, այսինքն՝ լուրջ լոկալ բախումը կարող է վերահսկողությունից դուրս գալ և դառնալ այն կայծը, որից կարող է բռնկվել մեծածավալ պատերազմ: Բայց պետք է ասեմ, որ մի քանի հանգամանքներ կան, որ ամեն դեպքում այս վտանգը զսպում են:
Առաջին՝ Ադրբեջանը դեռ վստահ չէ, որ կկարողանա կայծակնային պատերազմ սկսել և հաղթել: Իսկ եթե պատերազմը դառնա տևական, Բաքուն կընկնի արկածախնդրության մեջ, որը կարող է նաև շատ վատ ավարտվել թե երկրի և թե ալիևյան իշխող խավի համար:
Երկրորդ՝ հակամարտող կողմերի համար տեղային լուրջ բախումներն արդեն նորություն չեն: Նախկին նման բախումների փորձը ցույց է տալիս, որ դրանք մնում են սպորադիկ և տեղային:
– Ինչքանո՞վ են դրանով հետաքրքրված արտաքին խաղացողները(Արևմուտք, Ռուսաստան): Վերջին հայտարարությունները՝ հատկապեսարտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից, չե՞ն վկայում արդյոքայն մասին, որ Ռուսաստանը խնդիրն ուզում է միանձնյա լուծել՝առանց Մինսկի խմբի ձևաչափի: Կհաջողվի՞ դա իրեն:
– ԼՂ-ում նոր պատերազմը Ռուսաստանին կստիպի կողմերից մեկին ընտրել կամ, ամենայն հավանականությամբ, ներգրավվել բախման մեջ խաղաղարար առաքելությամբ, ՀԱՊԿ զորքերի միջոցով: Եթե չլիներ ուկրաինական ճգնաժամը, ապա նման ձեռնարկը, թերևս, հնարավոր լիներ Ռուսաստանի համար, քանի որ այն կունենար թե ռազմական ռեսուրսներ, թե քաղաքական կապիտալ Արևմուտքում, որն ի վերջո՝ իր համաձայնությունը պետք է տա Անդրկովկասում ռուսական ներգրավմանը:
Ներկայիս Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները վատթարագույն վիճակում են: Ցանկացած ռուսական միակողմանի միջամտություն Անդրկովկասում, ամենայն հավանականությամբ, Արևմուտքի կողմից կդիտվի իբրև նախագահ Պուտինի կայսերապաշտական նկրտում և կարող է ավելի խիստ պատժամիջոցների ալիք բերել: Ուստի չեմ կարծում, որ Մոսկվան պատրաստ է կամ կարող է նոր հակամարտության մեջ հայտնվել:
Բացի այդ, ներկայիս ոչ պատերազմ-ոչ խաղաղություն կարգավիճակը ԼՂ-ում միանգամայն ձեռնտու է Մոսկվային, քանի որ այս ցավոտ հարցը լծակ է իր ձեռքում Ադրբեջանի և Հայաստանի վրա:
– Հրադադարի կնքումից հետո արդյոք քայլ առաջ արվե՞լ էհակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար: Եղել ենմի շարք հանդիպումներ՝ արտգործնախարարների,համանախագահների և նույնիսկ երկու երկրների նախագահներիմակարդակով, որոնք ավարտվել են միայն բանակցություններըշարունակելու պայմանավորվածությամբ: Մինսկի խումբն արդյոքայսօր աշխատո՞ղ ձևաչափ է՝ հաշվի առնելով նաև Ռուսաստանի ևԱրևմուտքի միջև առճակատումը:
– Մինսկի խումբը այդպես էլ չկարողացավ հասնել տևական խաղաղության: Այս ձախողումը մի քանի պատճառներ ունի՝ ներառյալ հակամարտող կողմերի լուրջ փոխզիջման գնալու ցանկության բացակայությունը: Հայկական կողմի համար անհասկանալի է, թե ինչու ԼՂ խնդիրը Կոսովոյի, Աբխազիայի կամ Հարավային Օսիայի տարբերակով չի լուծվում: Իսկ ադրբեջանական կողմը վստահ է, որ տարածքային ամբողջականության սկզբունքն ավելի կարևոր է, քան ազգերի ինքնորոշման: Ավելին՝ Բաքուն խնդրին նայում է այլ հարթությունում, որտեղ հայերը բռնազավթիչներ են, և այս դեպքում ռազմական լուծումը, ըստ Ադրբեջանի, միանգամայն արդարացված է:
Իհարկե, Բաքվի դիրքորոշումը խարսխվում է, Հայաստանի հետ համեմատած, աննախադեպ տնտեսական վերելքի վրա, ինչպես նաև Արևմուտքի համար իր նորահայտ ռազմավարական կարևորությամբ, ինչի հիմքում, իհարկե, ընկած են երկրի էներգետիկ ռեսուրսները:
Ադրբեջանի աճող ինքնավստահությունը ոչ միայն թուլացրեց Մինսկի խմբի ջանքերը, այլև ուղղակի հարցականի տակ է դրել այս միջազգային եռյակի ապագան:
Բայց խնդիրն այն է, որ որքան էլ Մինսկի խումբը ոչ արդյունավետ լինի, այս պահին այն միակ ձևաչափն է, որին հակամարտության կողմերը համաձայնել են մասնակցել: Չեմ կարծում, թե Ադրբեջանին կհաջողվի ստիպել Հայաստանին և ԼՂ-ին մասնակցել մի նոր ձևաչափի, որը տրամաբանորեն պետք է նախընտրի Ադրբեջանի դիրքորոշումը:
Մինսկի խումբը հավանաբար կշարունակի իր բանակցային ջանքերը, բայց սահմանների անկայունությունն ի վերջո համանախագահներին կարող է ստիպել վերանայել 21 տարվա իրենց մոտեցումը: Այս թեժացումը կարող է ստիպել խմբին ավելի թարմ առաջարկներով ու ավելի հստակ դիրքորոշմամբ հանդես գալ:
Համանախագահները կարիք ունեն ընդունելու ԼՂ հակամարտության նոր իրականությունը, այն է՝ խաղաղարար գործընթացը վաղուց փակուղում է: Մինչ Մինսկի խումբը հորդորում է շարունակել երկար տարիների բանակցությունների շատ համեստ ձեռքբերումները, ԼՂ հակամարտության լուծումը հետընթաց է ապրում, ինչն էլ մեծացնում է նոր պատերազմի վտանգը: Հիմա Մինսկի խմբի գերակա խնդիրը պետք է լինի սահմաններին ավելի խիստ դիտորդական առաքելության հաստատումը, նոր բախումների կանխարգելումը, որը կարող է լինել միայն մեղավորների հստակ մատնանշմամբ, նրանց նկատմամբ դիվանագիտական տարբեր լծակներով ճնշումների գործադրմամբ: Այս ճնշման լծակները պետք է գործադրվեն նաև Ադրբեջանին համոզելու կամ ստիպելու մոռանալ ռազմական լուծման մասին:
Բայց խնդիրն այն է, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան ԼՂ խնդրին վաղուց առաջնայնություն չեն տալիս, այլ փոխարենը հենվում են հին մոտեցման վրա, իսկ Ռուսաստանը հակամարտությունը «կենդանի» է պահում՝ իր արտաքին քաղաքական նպատակների համար: Ավելորդ է նշել, որ ռուսական զենքի մատակարարումը կողմերին միայն խրախուսում է ռազմական լուծման ջատագովներին:
Աղբյուրը ` 1in.am
