Ղազանչեցոց եկեղեցում մատուցված վերջին խորհրդանշական պատարագի մասին.
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը բարձր ճշգրտությամբ զինատեսակներով առաջինը հենց վանքերն ու եկեղեցիները խոցեց: Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը մեկ օրվա մեջ 2 անգամ հայտնվեց թշնամու թիրախում: Իսկ երբ բերդաքաղաքի բանալիներն իրենց ձեռքն անցավ, 150 տարվա պատմություն ունեցող «Շուշիի հարսի»՝ Սուրբ Ղազանչեցոցում թշնամին սկսեց շինարարություն է սկսել: Առաջին հայացքից կարող է թվալ, թե իրենց իսկ կողմից վնասված եկեղեցու արտաքին տեսքն են վերականգնում, սակայն հստակ իմանալով թուրք-ադրբեջանական ձեռագիրն ու կատարած վանդալիզմի բազմաթիվ օրինակներ՝ կարող ենք փաստել, որ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում փորձում են ջնջել հայկական հետքը: Ամեն ինչ անելու են Ղազանչեցոցի հայկականությունը լավագույն դեպքում կասկածի տակ դնելու, վատագույն դեպքում՝ մոռացության տալու համար:
Ի՞նչ ապրումներ է ունենում ամեն անգամ Շուշիի կողքով անցնելիս եւ հեռվից Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը տեսնելիս` Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հոգևոր հովիվ, Արցախի թեմի հոգևոր սպասավոր Տեր Անդրեաս քահանա Թավադյանը այս եւ «Շուշիի հարսի» հնչած վերջին խորհրդանշական ղողանջների մասին զրուցել ենք անձամբ Տեր Անդրեաս քահանա Թավադյանի հետ, ով նախ անդրադարձավ եկեղեցու բացառիկությանը եւ մատուցված վերջին պատարագին.
-Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին իր կառույցով բացառիկ էր Հայաստան աշխարհում: Համեմատած Հայաստան աշխարհի մնացած եկեղեցիների հետ ինքը նոր է, շատ հետաքրքիր ճարտարապետական կառույց էր, որը դարձել էր հաղթանակի, ազատության, պայծառակերպության խորհրդանիշ:
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում վերջին անգամ պատարագ մատուցվեց չարաբաստիկ սեպտեմբերի 27-ին, երբ առավոտ վաղ տեղեկացանք, որ թշնամին անցել է լայնամաշտաբ ռազմական գործողությունների: Դրանից հետո պատարագ որպես այդպիսին այլեւս չմատուցվեց, որովհետեւ հաջորդ կիրակի օրը` հոկտեմբերի 8-ին, թշնամին խոցեց նաեւ եկեղեցին եւ պրակտիկապես այլեւս հնարավոր չէր այնտեղ պատարագ մատուցել: Այդ օրերին էլ ժողովուրդը կամաց-կամաց լքում էր քաղաքը, բայց ժամերգություններ եղել են պատերազմի գրեթե ողջ օրերին, զանգերը ղողանջում էին ամեն օր:
Պետք է ասեմ, որ պատերազմի առաջին իսկ օրերից Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին ծառայում էր նաեւ, որպես ապաստան: Մարդիկ գիշեր-ցերեկ եկեղեցում էին անցկանցնում, մենք էլ իրենց հետ ամեն օր ժամերգություն էինք անում:
-Տեր Անդրեաս, ե՞րբ հնչեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու վերջին ղողանջը:
-Եկեղեցու զանգը վերջին անգամ հնչեց նոյեմբերի 5-ին, երբ արդեն թշնամին հասել էր Շուշիի մատույցներ: Այդ օրը իջանք Ստեփանակերտ, իսկ ամսի վեցին այլեւս չթողեցին հետ վերադառնալ, որովհետեւ ամենուր ռմաբակոծվում էր:
-Տեր Անդրեաս, որպես Շուշիի հոգևոր հայր, հետաքրքիր է նաեւ Ձեր տեսակետը հետեւյալ հարցի շուրջ` ի՞նչպես թշնամուն հաջողվեց գրավել Շուշին:
-Մեծ ջանքեր էին անհրաժեշտ Շուշին գրավվելու համար, ես կարծում եմ, որ Շուշին չի գրավվել, որովհետեւ Շուշիի պաշտպանություն որպես այդպիսին գրեթե չկար: Իսկ Շուշիի աշխարհազորայիններին , որպես կամավորներ տարել էին տարբեր տեղեր, իսկ Շուշիում այդ օրերին մնացել էին` ճիշտ է զինված, բայց մի քանի հոգի: Զորքը շատ ուշ բերվեց Շուշի: Ինքս չլինելով ռազմական գործիչ կդժվարանամ հստակ գնահատական տալ, բայց երբ վերլուծում ես իրողություները հասկանում ես, որ Շուշին պարզապես հանձնվել է:
-Ի՞նչ եք զգում, որ ամեն անգամ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին թշնամու տիրապետության տակ` հեռվից տեսնելիս:
-Ամեն անգամ Շուշիի կողքով անցնելիս խորը ցավ եմ ապրում, որ առանց լուրջ դիմադրության քաղաքը տվեցինք: Ափսոսանք եմ ապրում նաեւ այն զոհերի համար, ովքեր նահատակվեցին Շուշիի մատույցներում` հավատալով, որ Շուշին կյանքի գնով էլ լինի պահելու են: