Խնդիրը ուժայինների դաշտում է. ովքեր են տեսանկարահանել ռազմավարական նշանակության օբյեկտը
Լրագրող, հաղորդավարուհի Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.
«Առավոտ մետրո։ Ոչ հայախոս այս անձինք նկարահանում են Հայաստանի ռազմավարական նշանակություն օբյեկտը։ Հեռախոսի օբյեկտիվը ուղիղ թունելի վրա էր, որով շարժվում էր վագոնը, նկարեց ամբողջ ընթացքը։ Նրանց ուղեկցում էր երրորդ անձը, որի նշանով եռյակը իջավ մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանում։
ՀԳ. Ուղեւորներից միայն մի կին սկսեց անհանգստանալ, թե ինչ եւ ինչու են նկարում։ Նույն վագոնում ոստիկանության համազգեստով ուղեւոր էլ կար»։
Նշենք, որ հասարակության լայն շրջանակի մոտ անհանգստություն առաջացրեց այս գրառումը և այն փաստը, որ նույն հաջողությամբ էլ ադրբեջանցին կարող է ազատ ելումուտ ունենալ մեր երկիր՝ նկարահանելով մեզ համար ռազմավարական նշանակության օբյեկտները: Իսկ թե հստակ ինչ ազգության են եղել այդ անձինք դեռ պարզ չէ։
Կատարվածի վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Մետրոպոլիտենի խոսնակի Տաթև Խաչատրյանի հետ. նա տեղյակ էր կատարվածից.
«Խնդրից տեղյակ ենք: Այն ներկայացրել ենք ուժային կառույցներին, որևէ լրացուցիչ ինֆորմացիա դեռ չունենք»,-ասաց խոսնակը՝ վստահեցնելով, որ լրացուցիչ տեղեկության դեպքում՝ հայտարարություն կտարածեն: