«Խոցելի տարիքային խմբի քաղաքացիները պաշտպանիչ եռաշերտ դիմակներ պետք է կրեն»․ Արսեն Թորոսյան
Խոշոր դեղատնային ցանցերում տեղական դիմակի գինը 100 դրամ է, ներմուծվածը՝ մինչև 150 դրամ․ Կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։ Թեման շարունակեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ եթե կան ֆինանսական դժվարություններ, ապա միայն այդ դեպքում պետք է օգտագործել տնային դիմակներ, որը չի կարող փոխարինել բժշկական դիմակներին։ «Այսօր տեսնում ենք՝ մոդայիկ է դարձել տնային դիմակներ կրելը։ Կտորից պատրաստված դիմակը պետք է միայն ֆինանսական միջոցների բացակայությամբ պայմանավորված լինի, ոչ թե գեղեցկությամբ, հարմարավետությամբ կամ այլ պատճառներով»,- ասաց Թորոսյանը։ Նա հավելեց, որ 60 տարեկանից բարձր խոցելի խմբում գտնվող քաղաքացիների առողջության համար պարտադիր է բժշկական եռաշերտ դիմակը։