Խորհրդարանական չորս ուժերի համագործակցության ֆորմատում Քոչարյանը չկա՞
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Fnews.am-ի հետ զրույցում անդրադարձավ ներքաղաքական վերջին զարգացումների, «Ժառանգություն» կուսակցության տասներորդ համագումարի եւ կուսակցության հետագա գործունեության մասին:
-Պարոն Մարտիրոսյան, «Ժառանգության» համագումարից հետո քաղաքական պլատֆորմի վրա ի՞նչ դիրքերից եք հանդես գալու:
-Արմատական որեւէ փոփոխություն չի լինելու` «Ժառանգության» քաղաքական ուղղվածության մեջ: Մենք շարունակելու ենք այն գործողությունները, որոնք ուղղված են արմատական իշխանափախությանը եւ համակարգային փոփոխություններին, որովհետեւ կարծում ենք, որ երկրում ստեղծված իրավիճակի համար մեղավոր են իշխանությունները եւ կառավարման արատավոր այն համակարգը, որը կա: Դրանք փոփոխման անհրաժեշտություն ունեն: Արտաքին քաղաքական հայացքներում մենք մնում ենք եվրոպական արժեհամակարգի կրողը եւ տեսնում ենք Հայաստանի եվրոպական հեռանկարը: Մենք դրական ենք գնահատում խորհրդարանում չորս քաղաքական ուժերի համագործակցությունը եւ հույս ունենք, որ մոտ ապագայում այդ համագործակցությունը ավելի կընդլայնվի, իր մեջ կներառի նաեւ քաղաքացիական դաշտը, արտախորհրդարանական քաղաքական ուժերը եւ միասնական պայքարով մենք կունենանք արմատական փոփոխություններ:
-Իսկ ինչպե՞ս կարող եք քաղաքական քառյակով արմատական փոփոխություններ իրականացնել ու հասնել մեկ նպատակի, երբ օրինակ՝ «Ժառանգություն» կուսակցությունն ունի եվրոպական ձգտումներ, իսկ ԲՀԿ-ն բազմիցս է նշել, որ դեմ չէ Ռուսաստանի հետ սերտ համագործակցությանը, թե՞ ինչ որ բան է փոխվել…
-Մենք կողմնակից ենք միասնական մոտեցման եւ պայքարի:Պատկերացնում ենք, որ խորհրդարանական չորս ուժերը կլինեն որպես հիմք ու կորիզ, կլինեն նաեւ արտախորհրդարանակն ուժերը եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Կարծում ենք, որ միասնական պայքար պետք է լինի: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական կողմնորոշումներին, ապա խորհրդարանական չորս ուժերի համագործակցությունը վերաբերում է մեր քաղաքական խնդիրներին եւ հենց այդ խնդիրներն են, որ Հայաստանին թուլացնում են նաեւ արտաքին ճակատում: Եթե իշխանափոխություն լինի, այս քաղաքական ուժերը կներկայացնեն իրենց մոտեցումները եւ ով քաղաքացիների համակրանքը կշահի, նա էլ արտաքին քաղաքականությունը կիրականացնի:Բոլորն էլ հայակենտրոն քաղաքական ուժեր են, եւ դա չի խանգարում խորհրդարանական համագործակցության համար:
-Ի՞նչ եք կարծում, արդյո՞ ք երկար կյանք կունենա խորհրդարանական քառյակը:
-Չեմ կարող ասել: Համենայն դեպս ես կցանկանայի, որ հետեւյալ ձեւով լիներ. հնարավորինս շուտ արմատական իշխանափոխություն լինի, հնարավորիս շուտ համակարգային բարեփոխումներ լինեն եւ դրանից հետո քաղաքական ուժերն ըստ իրենց պատկերացումների կարող են առանձին-առանձին ներկայացնել հանրությանն իրենց մոտեցումները` տարբեր խնդիրների վերաբերյալ: Պետք է երկրում վերականգնել քաղաքական գործունեության հնարավորությունը: Քաղաքական չորս ուժերի պայքարը նաեւ քաղաքական մենիշխանության դեմ է:
-Ձեր կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանն ասում է, թե չի հավատում, որ քառյակի հետ Ռոբերտ Քոչարյանը կապ չունի: Դուք ի՞նչ կարծիքի եք:
-Ոչինչ, տիկին Բաշխյանն էլ թող չհավատա, բայց իրականում պարզ է, որ այդպիսի օրակարգ գոյություն չունի: Խորհրդարանական չորս ուժերի համագործակցության ֆորմատում ո՛չ պարոն Քոչարյանը կա, եւ ո՛չ էլ նման խնդիրը կա օրակարգում:
Սոսե Չանդոյան
