Խոշոր հրդեհ Մխչյան գյուղում․ 3 մեքենաները վերածվել են մոխրակույտի․ ի՞նչ են մտածում պատկան մարմինները
Հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Մխչյան գյուղի Արտաշատյան խճուղի և Խանջյան փողոցների խաչմերուկում Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ 26-ամյա Գևորգ Թոռչյանը իր վարած Ford մակնիշի 80 AM 707 համարանիշի քարշակ, որի վրա եղել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ 62-ամյա Հակոբ Միրիբյանին պատկանող ВАЗ 2106 մակնիշի 34 AN 677 համարնիշի ավտոմեքենան, բախվել է Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցի բնակիչ 24-ամյա Սպարտակ Բազեյանի վարած ВАЗ 21099 համարանիշի ավտոմեքենային, վերջինը բախվել է նաև էլեկտրասյանը։
Ըստ նախնական տեղեկությունների էլեկտրական հոսանքի լարերը միացել են իրար և առաջացել է կայծ, որից բռնկվել է Էլեկտրասյան վրայի արագիլների բույնը և ընկնելով մեքենաների վրա առաջացել է հրդեհ, ինչի հետևանքով 3 մեքենաներն էլ վերծվել են մոխրակույտի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, ովքեր մարել են մոխրակույտի վերածված մեքենաների հրդեհը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ առաջացած հրդեհից վնասվել է նաև Մխչյան գյուղի բնակիչ Ռոբերտ Մաթևոսյանին պատկանող մթերային խանութը։ Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ այս խաչմերուկում հաճախ են լինում վթարներ և խնդրում են պատկան մարմիններին համապատասխան միջոցներ ձեռնարկել դրանցից խուսափելու համար, իսկ եթե պատկան մարմինները հետևություն չանեն, ապա վթարների պակաս չի լինի և ցավոք որոշ վթարներ էլ ունենում են ողբերգական ավարտ։
