Խոզի գրիպը կրկին Հայաստանում է. ինչ խորհուրդներ է տալիս առողջապահության նախարարությունը
Հայաստանում հայտնաբերվել է խոզի գրիպի հարուցիչը (H1N1). Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ հարուցիչը հայտնաբերվել է միջոցառումների ընթացքում, որոնք իրականացվում են համաճարակաբանական հսկողության շրջանակներում։
Կենտրոնը հիշեցնում է, որ պատվաստումը հիվանդությունից կամ դրա բարդություններից խուսափելու լավագույն միջոցն է։ Բոլոր պոլիկլինիկաներն ու շարժական կետերն ապահովված են սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութերով։
Քաղաքացիները կարող են անվճար պատվաստվել ցանկացած պահի, անկախ գրանցման հասցեից։
Առաջնահերթությունը տրվում է ռիսկային խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, տարեցներ (65 տարեկանից բարձր), քրոնիկ հիվանդությունների կրողներ, բուժաշխատողներ, ժամկետային զինծառայողներ։
Հիվանդության դեպքում կենտրոնը հորդորում է չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն սուր շնչառական վարակների դեպքում։