Ղրղըզստանում առաջարկել են սահմանափակել սպառազինությունների քանակությունն ԱՊՀ-ում
Ղրղըզստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովն առաջարկել է սահմանափակել ԱՊՀ մասնակից երկրների միջեւ սահմանների մոտ տեղակայված ծանր տեխնիկայի քանակությունը, ուրբաթ «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի մամուլի ծառայությունում։
Տեղեկացվել է, որ նախօրեին Իմանկուլովը Մոսկվայում մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հոբելյանական՝ տասներորդ հանդիպմանը, որտեղ «անդրադարձել է հրատապ մարտահրավերների եւ սպառնալիքների հարցերին եւ նշել, որ դրանք չեն քչանում, դրանք մուտացվում են, տարբեր ուղղություններ ձեռք բերում, դառնում արագընթաց ու ավելի վտանգավոր»։
«Ցանկացած պետություն կարող է մի ակնթարթում աշխարհաքաղաքական խաղի թիրախ կամ գործիք դառնալ՝ հարվածներ ստանալով ամենատարբեր ուղղություններից։ Առանձին վերցրած երկիրն ի վիճակի չէ ինքնուրույն հաղթահարել սպառնալիքների ամբողջ համալիրը։ Միջազգային անվտանգությունը չպետք է կախված լինի ոմանց ագրեսիվ հավակնություններից։ Պահանջվում է արդյունավետ հակահարված ապակայունացման ամեն տեսակ փորձերին»,- Իմանկուլովի խոսքերը մեջբերել է մամուլի ծառայությունը։
Ղրղըզստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հավաստիացմամբ՝ դրա համար անհրաժեշտ է Համագործակցության բոլոր երկրների եւ միջազգային հանրության ընդհանուր համալիր աշխատանքը՝ «փոխգործակցության եւ համագործակցության, ինչպես նաեւ փոխզիջումների որոնման համար, ի շահ կայունության եւ խաղաղության պահպանման՝ զարգացման ճանապարհին»։
«Առաջարկվել է ԱՊՀ ձեւաչափում ավելացնել օպերատիվ տեղեկատվության փոխանակությունը, ինչպես նաեւ ամրացնել փոխադարձ վստահության միջոցները եւ բարձրացնել պատասխանատվությունը կայունության ապահովման համար, միմյանց տեղեկացնել սահմանամերձ շրջաններում տեղակայված զինված ուժերի քանակական եւ որակական կազմի մասին եւ սահմանափակումներ մտցնել սահմանին մոտ գտնվող տեխնիկայի, տանկերի, հրետանու, համազարկային կրակի հրթիռային համակարգերի թվաքանակում (եթե դա չի վերաբերում Համագործակցության արտաքին սահմաններին)»,- ընդգծել են մամուլի ծառայությունում։