Խուզարկում են ակտիվիստի բնակարանը
Այս պահին ոստիկանները Տերյան 23 շենքի բնակիչ, քաղաքացիական ակտիվիստ Վարդան Գերավետյանի բնակարանում խուզարկություն են իրականցնոմ: Այդ մասին Fnews.am-ի հետ զրույցում ասաց նրա հարևաններից Վարդան Գաբրիելյանը:
Նրա խոսքով, առավոտյան ժամը 10-ի սահմաններում մի խումբ ոստիակններ ներխուժել են Գերավետյանի տուն, ապա սկսել են խուզարկել բնակարանը: Հարևանների հարցին, թե ինչո՞ւ են մտել բնակարան և ի՞նչ են անում, իրավապահները պատասխանել են, թե զենք են փնտրում և հորդորել են բնակիչներին ներս չմտնել: Վարդան Գաբրիելյանը նշում է, որ արդեն 3 օր է Գերավետյանին չեն տեսել, նա տանը չէ: «Վարդան Գերավետյանը միայնակ է ապրում, եկել են դուռը կոտրել ու մտել բնակարան…ասում են, թե իբր զենք են փնտրում»,-ասաց հարևանը:
Հարցին, թե արդյո՞ք ակտիվիստը կասկածի տեղիք չի տվել հարևանների շրջանում և արդյո՞ք կարող էր զենք պահել իր բնակարանում, մեր զրուցակիցը նկատեց. «Նրա մոտ չէր կարող զենք գտնվել, այդքան բան…բացառվում է, ինքը զենքի մարդ չէր, ինքը գաղափարի մարդ էր, ինքը զենքի մասին չէր խոսում` գաղափարի մասին էր խոսում»,- ընդգծեց հարևանը:
Ի դեպ` այս պահին դեպքի վայրում են նաև մի շարք լրատվամիջոցներ, որոնց հուզող հարցերին հստակ պատասխաններ չեն տրվում: Ասում են միայն, որ քննչական գործողություններ են իրականացվում:
