Ընտանիքը յոթ օր է լուր չունի զինծառայող որդուց
Կոտայքի մարզի Բջնի գյուղից բանակ զորակոչված 18-ամյա Կարեն Ներսիսյանի ընտանիքը արդեն յոթ օր է որդուց լուր չունի։ Հարազատները, չցանկանալով տեսագրվել, պատմեցին, որ 8 ամիս առաջ Լեռնային Ղարաբաղ զորակոչված Կարենը շփման գծում քառօրյա թեժ բախումների առաջին օրը դիրքերում է եղել, ապրիլի 2-ին ընտանիքը փորձել է կապ հաստատել նրա հետ, բայց ապարդյուն։ Հարազատների ունեցած կցկտուր տեղեկություններով՝ լուր չկա նաև Կարենի հետ դիրքեր բարձրացած մյուս զինվորներից։
Բջնիի գյուղապետ Արմեն Մաթևոսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ողջ գյուղով անհամբեր սպասում են Կարենի վերադարձին։ Զինվորի հայրն ընկերների հետ մեկնել է Ղարաբաղ, բայց դեռ հստակ տեղեկություններ չի հաղորդում։
«Վերջին տեղեկություններով, ասում են, որ բոլորն էլ դիրքերում են եղել և դիմակայել թշնամու ոտնձգություններին: Հայրը երեկ գնաց Ջաբրայիլ, դեռ տեղեկություն չունենք: Միևնույն է՝ ցանկացած տեղեկություն պիտի ստանանք պաշտպանության նախարարությունից։ Մնացածը զրույցներ են։ Մենք իրեն սպասում են»,- ասաց Մաթևոսյանը:
Պաշտոնական տվյալներով, հայկական կողմը 21 անհետ կորած զինվոր ունի։ Առայժմ որևէ հստակ տեղեկություն չի հաղորդվում նրանց ճակատագրերի մասին։ Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն «Ազատության» հետ զրույցում հայտնեց, որ հայկական կողմը ադրբեջանցի գերիներ չունի։ Ադրբեջանական կողմը դեռևս չի հաղորդում իր տարածքում հայ գերիների մասին։
«Եթե լիներ, մենք կասեինք, բրիֆինգի ժամանակ էլ կասեինք: Մենք, ի տարբերություն Ադրբեջանի, գերիների հարցով համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների հետ, և եթե գերի է ընկնում, անմիջապես Կարմիր Խաչին տեղեկացնում ենք»,- ասաց Բաբայանը:
