Ընտրվել և մանդատները չվերցնել ճիշտ չէ
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Ընտրվել և մանդատները չվերցնել, ինչպես որ դա 2009 թվականին արեց «Կոնգրեսը», ինձ ճիշտ չի թվում։ Որովհետև, ինչպես խորհրդարանում, այնպես էլ ավագանիում, նույնիսկ փոքրամասնություն լինելով, կարելի է շատ բանի հասնել։ Պարզապես մանդատը պետք է դիտել ոչ թե որպես քո անձնական արժանիքների գնահատական (դրա համար վաստակավոր և ժողովրդական արտիստի կոչումներ կան), այլ այդ բառի ուղիղ իմաստով։ Չէ՞ որ mandatum լատիներենից թարգմանած նշանակում է հանձնարարություն, հրաման։ Այսինքն՝ մարդը կատարում է իրեն խորհրդարան կամ ավագանի ուղարկած մարդկանց հանձնարարությունը։
Այդպես էին 4-րդ գումարման Ազգային ժողովում աշխատում «Ժառանգություն» խմբակցության բոլոր անդամները։ Այդպես էր «հեռացող» խորհրդարանում աշխատում ՀԱԿ խմբակցության մեծ մասը, ինչպես նաև՝ Էդմոն Մարուքյանը, Թևան Պողոսյանը, ուրիշները։ Այդպես է հիմա ավագանիում իր գործն անում Անահիտ Բախշյանը։ Հիմա, նոր օրենքով, խորհրդարանն ու ավագանին աշխատանքի ավելի լայն հնարավորություններ են ստեղծելու։ Իսկ չմտածել այնպես, ինչպես մտածում է մեծամասնությունը, այնքան էլ վատ չէ։ Իմ փորձից գիտեմ»:
