ՅՈ ՅԵՐԹԱՍ՝ ՍԱՄՈ.Բենթլի Սամոն այլեւս սրբության սրբոց է
Բոլոր ժամանակների «գրոհային» Կճոյանը, սգեմավոր մի հոգեւորական, ում անունն անցնում էր տարատեսակ մութ պատմությունների ու աղմկահարույց սկանդալների միջով:
Այդ նույն Բենթլի Սամոն էր՝ (նույն ինքը Կճոյանը), ում անունը հոլովվում էր. ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ միասին, գործարար Փայլակ Հայրապետյանին ունեզրկելու եւ օֆշորներում ընկերություն հիմնելու մեջ:
Նույն Կճոյանն էր, ով ձեռք բերեց «Բենթլի Սամո»՝ մականունը, հոգևորականին իր շքեղությամբ ոչ հարիր «Բենթլի» մակնիշի մեքենա վարելու համար։
Սակայն Կճոյանն այժմ ժամանակի հերոս է, երևույթ, ու տիպական կերպար, ում անունը երեւի շուտով ոսկե տառերով կգրվի՝ սուրբ գրքում...
Եւ գիտեք ինչու է այդպես. որովհետեւ ինչեր ասես, որ չի տեսել ու հաղթահարել երեկվա Սամվելը, որ արդեն մաքրամաքուր Կճոյան է, ու նախանձախնդիր հոգեւորական…
Կճոյանի աննախադեպ թռիչքը թերեւս անհասկանալի կմնար, եթե շրջանցեինք նրա անվան հետ կապված մի քանի ուշագրավ դրվագներ. օրինակ 1995 թվականին ՀՀ Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը մի գործակալական ահազանգի հիման վրա խուզարկել էր Նավասարդ Կճոյանի՝ Աշտարակում գտնվող տունը եւ հայտնաբերել չորս ատրճանակ, որից հետո ձերբակալել էր եպիսկոպոսին եւ երկու օր պահել կալանքի տակ։ Այնուհետեւ Կճոյանն ազատ էր արձակվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի միջնորդությամբ։
Եւ զարմանալի է, որ զենքերի սիրահար սքեմավորը, այժմ էլ շարունակում է հոգեւոր դասի գլխավոր խաղացողը մնալ. երբ հարց է, թե Կճոյանի հին ու նոր գործերը զննելիս, արդյո՞ք նրան երկարատեւ փիլոնազուրկ անելու խնդիր չի առաջանա:
Ստացվում է, անցյալի հասարակական ընդվզումները, բողոքն ու զայրույթը, ինչ վերաբերում էր Կճոյանին՝ «պլստում-մնում » է անցյալում…
Ժամանակին Տիգրան Սարգսյանի կողմից անվանական զենքով պարգեւատրված Բենթլի Սամոն այլեւս սրբության սրբոց է:
Հիշեցնենք, որ նա և միայն նա էր, որ իրավունք էր վաստակել օրհնելու Հանրապետական կուսակցության բոլոր միջոցառումները, քարոզարշավները, համագումարները, իշխանության հետ սերտաճած «Նիգ-Ապարան» հայրենակցական միության հավաքները, եւ
կարծես թե նույնքան փառահեղ օրեր Կճոյանին սպասվում է նաեւ հիմա: Օծելու պես բան լինի...
Ու թերեւս այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չունենք այն հարցի պատասխանը. թե քրեաօլիգարխիկ կլանի հետ «ախպերություն »
անողի համբավ ունեցող Կճոյանի ԶԵՆՔԸ ՀԱՎԱ՞ՏՆ Է,թե՞ ԱՏՐՃԱՆԱԿԸ...
ՅՈ ՅԵՐԹԱՍ՝ ՍԱՄՈ՚՚
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ