Ըստ հաղորդման՝ ոստիկանները ծեծված քաղաքացուն բերման են ենթարկել ու իրենք էլ են ծեծել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ 2-րդ մասի 4-րդ կետով:
Այսպես, Լ. Գ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 22.03.2018թ.-ին` ժամը 00:22-ի սահմաներում, Երևան քաղաքում գործող կարաոկե ակումբի մոտ տաքսու վարորդի հետ վիճաբանելու և իրեն ծեծի ենթարկելու կապակցությամբ ահազանգել է ոստիկանություն: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներն իր ձեռքերին ձեռնաշղթաներ են հագցրել, ապա, պարեկային ավտոմեքենայի մեջ բռնություն գործադրելով, տեղափոխել են ոստիկանության Կենտրոնականի բաժին: Այնուհետև ոստիկանության հիշյալ բաժնի աշխատասենյակներից մեկում վիճաբանել է իրեն բերման ենթարկած ոստիկանների հետ: Նշված արարքի համար ոստիկանության աշխատակիցները ծեծի են ենթարկել իրեն և պատճառել մարմնական վնասվածքներ: