«Զանգեզուրի միջանցքի» հարցում Բաքուն գործում է փորձված մարտավարությամբ. քաղաքագետ
Քաղաքագետ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«#Զանգեզուրի միջանցք» հորջորջվող թուրք-ադրբեջանական նախագծի իրականացման հարցում #Բաքվի քաղաքական մարտավարությունը գրեթե նույնն է, ինչ #արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Այն ենթադրում է հետևյալ մարտավարական քայլերի տրամաբանությունը՝
1. Իմիտացիոն կեցվածք և մասնակցություն «տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման գործընթացին», բայց վճռորոշ պահին վերջնական պայմանավորվածության ձախողում, ինչպես տեղի ունեցավ նոյեմբերի 26-ի եռակողմ հանդիպումից և տարածված հայտարարությունից հետո։ Արցախյան կարգավորման գործընթացում #Ադրբեջանի վարքագծի նմանատիպ վառ օրինակ էր 2011 թ. #Կազանում #ԱՀ, #ՀՀ, #ՌԴ նախագահների հանդիպումն ու նախատեսված պայմանավորվածությունը։
2. Գործընթացի ողջ ընթացքում քաղաքական գործիքակազմին զուգահեռ ուժի և ուժի կիրառման սպառնալիքի գործադրում։ Այս դրույթին ևս պարբերաբար ականատես ենք լինում անցած 1 տարվա ընթացքում։ Ամենավերջինը՝ նոյեմբերի 16-ի ագրեսիան է և «Զանգեզուրի միջանցքի» թեմայով Իլհամ Ալիևի վերջին բարբաջանքները՝ հայկական կողմից միջանցքի բացման հստակ ժամկետի ակնկալման պահանջով։
3. Պատերազմում հաղթանակից հետո ադրբեջանական կողմի նման մարտավարությունը հաշվարկված է նաև որպես հայ հասարակության վրա հոգեբանական ներազդման գործիք՝ նոր պատերազմի սպառնալիքի հնարավորության շեշտադրմամբ։
4. Կրկին խաղի մեջ է մտցնում ավագ եղբորը՝ Թուրքիային։
Վերոնշյալի համատեքստում #Երևանին անհրաժեշտ է մշակել նաև բանակցային գործընթացից դուրս(որն ընթանում է կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ՝ ոչ միջանցքային տրամաբանությամբ) #Բաքվի գործողությունները կանխելու մեխանիզմներ և՛ միջազգային կառույցներում, և՛ գործընկերների հետ քննարկումներում, և՛ Ադրբեջանի ներսում։