Զաքարյաններից ճշտեք
Տևական ժամանակ է ինչ Գորիս «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով տուժող Հարություն Զաքարյանի ընտանիքի անդամները լրատվամիջոցներին որևէ տեղեկություն չեն տրամադրում: Այսօր էլ Հարություն Զաքարյանի հայրիկից՝ Գագիկ Զաքարյանից, Fnews.am-ը փորձեց պարզել գործը ինչ փուլում է գտնվում, ու ամենակարեւորը ինչպես է Հարությունի առողջական վիճակը:
«Մենք լրատվամիջոցներին որևէ բան ասելու չունենք, մեզ խնդրում եմ հանգիստ թողեք»,-սրտնեղվեց Գ. Զաքարյանը:
Հարություն Զաքարյանի պաշտպանը ևս քչախոս գտնվեց. «Գործում որևէ նորություն չկա, բացի այդ այս պահին որևէ մեկնաբանություն չենք տալիս, կխնդրեմ հենց Զաքարյաններից մեկնաբանություն ստանաք»: Փաստաբանն ասաց, որ Հարությունը ժամանակ առ ժամանակ մեկնում է Մոսկվա՝ բուժում ստանալու: «Ես այլ բան իրավասու չեմ ասելու, խնդրում եմ այդ ամենը ճշտեք Զաքարյաններից»:
Հիշեցնենք, որ «Սդղի գյոլի» գործով մեղադրանք է առաջադրված 6 հոգու՝ Սուրիկ Խաչատրյանի եղբորը՝ Սեյրան Խաչատրյանին (Աղալար), նրա որդուն՝ Էյներ Խաչատրյանին, Սուրիկ Խաչատրյանի մյուս եղբոր՝ Սերոբ Խաչատրյանի (Հոպոպ) որդուն՝ Մայիս Խաչատրյանին, մարզպետի վարորդ Արագած Ղեւոնդյանի որդուն՝ Դերենիկ Հակոբյանը և վերջիններիս ընկերներ Շահում Դավթյանին, Յուրի Մանուչարյանին: Ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն, որպես «գլխավոր հերոս»՝ Տիգրան Խաչատրյանին, սակայն հետագայում Յուրի Մանուչարյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ ինքն է հարվածել Հարություն Զաքարյանի աչքին և պատճառել ծանր մարմնական վնասվածք: