Զելենսկին խոսում է Դոնբասում խաղաղություն հաստատելու, Հռոմի Պապը՝ հիբրիդային պատերազմի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել կատարել Մինսկի համաձայնագիրը՝ Դոնբասում հակամարտության լիակատար կարգավորման հասնելու համար: Այդ մասին հաղորդում է DW-ի Twitter-յան էջը:
Վ. Զելենսկին նշել է, որ թեպետ Մինսկի համաձայնագիրն ինքը չի ստորագրել, սակայն իր թիմը Դոնբասում խաղաղության հասնելու համար պատրաստ է կատարել Մինսկի համաձայնագրի կետերը: Ըստ Ուկրաինայի նախագահի՝ արևմտյան երկրները խոստացել էին աջակցել Ուկրաինային, չնայած այն բանին, որ ՌԴ-ն վերադարձել է ԵԽԽՎ:
«Խոսքերին պետք է հետևեն կոնկրետ գործողությունները: Ես հույս ունեմ, որ այն, ինչի մասին մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, երրորդ կողմը չի խափանի: Հուլիսի 12-ին նախանշված Նորմանդյան ձևաչափի հանդիպումը տեղի կունենա»,-ասել է Ուկրաինայի ղեկավարը:
Ուկրաինան վերջերս ակտիվացրել է Մինսկի շփման խմբում իր ներկայացուցիչների աշխատանքը, նորմանդյան ձևաչափն ակտիվացնելու փորձեր են արվում, բացի այդ՝ Լուգանսկում ուժերի զատում է տեղի ունեցել, ինչը Ուկրաինայի ղեկավարի վկայությամբ՝ ակնհայտ ցույց է տալիս, որ Կիևը հակված է Դոնբասի հակամարտությունը լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով:
Ուկրաինայի նախագահը խոսում է Մինսկի համաձայնագիրը կատարելու պատրաստակամության մասին, Հռոմի Պապը Վատիկանում ուկրաինացի եպիսկոպոսների հետ հանդիպմանը հայտարարում է, որ Դոնբասում քարոզչական ստի եւ մանիպուլյացիաների կնիքով հիբրիդային պատերազմ է վարվում: Այն ուղեկցվում է կրոնական տարրը գործի մեջ ներքաշելու փորձերով:
Այդ մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ մատնանշելով, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Ռուսաստանի մասին ոչ մի հիշատակում չի կատարել: Նա Ուկրաինայի կաթոլիկ ելեղեցուն միասնության ու զգաստության կոչ է արել: Նշվում է նաև, որ Հռոմի Պապի և Ուկրաինայի Հունա-Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների հետ հանդիպումն ավելի վաղ էր նախատեսված:
Հիշեցնենք, որ հուլիսի Հռոմի Պապը հանդիպում էր ունեցել ՌԴ նախագահ Վլ. Պուտինի հետ և քննարկել միջազգային, հատկապես Սիրիայում, Ուկրաինայում և Վենեսուելայում ծավալվող իրադարձություններին վերաբերող հարցեր:
