Զինծառայողի մահվան եւ երկու զինծառայողների վիրավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայթյունի հետեւանքով ստացած բեկորային վնասվածքներից ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Մանգասարյանի մահվան, եւս երկու զինծառայողների վիրավորվելու դեպքի առթիվ։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ ԼՂՀ ՊԲ N զորամասի ծառայության պահեստում 04.11.2017թ.՝ ժամը 12:10-ի սահմաններում, տեղի ունեցած պայթյունի հետեւանքով կյանքի հետ անհամատեղելի պայթյունաբեկորային վնասվածքներ է ստացել նույն պահեստում աշխատանքներ կատարող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը եւ մահացել։
Պահեստապետ, պայմանագրային զինծառայող Գեւորգ Հյուսնունցը եւ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սերգեյ Ալումյանն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել զինհոսպիտալ:
Երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
