Զինծառայողները կռվել են՝ մեքենայի փոխանցման տուփի աշխատանքի պատճառով. «Առավոտ»
«Առավոտ»-ի տեղեկացմամբ՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Հ.Ավանեսյանի և Շ.Գևորգյանի գործով դատաքննությունը:
Ըստ գործի նյութերի՝ զինծառայողներ Շ.Գևորգյանը, Հ.Ավանեսյանը և Մ.Սարգսյանը 2014թ. հունիսի 3-ին մեկնել են Բալահովիտի ուսումնական կենտրոն՝ դասընթացներ անցկացնելու համար:
Հենց այդտեղ էլ մեքենայի փոխանցման տուփի աշխատանքի շուրջ վիճաբանել են Շ.Գևորգյանն ու Հ.Ավանեսյանը, որի արդյունքում բռնի գործողություններ են կատարել միմյանց նկատմամբ. Հ.Ավանեսյանը բռունցքով հարվածել է Շ.Գևորգյանի քթին:
Իսկ երբ կուրսանտ Մ.Սարգսյանը մոտեցել է կռվողներին, որ բաժանի նրանց, Շ.Գևորգյանը քար է նետել Հ.Ավանեսյանի ուղղությամբ, որը, սակայն, դիպել է Մ.Սարգսյանի դեմքին:
Ամբաստանյալներից Հ.Ավանեսյանը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման, որը պայմանականորեն չի կիրառվի, նրա նկատմամբ սահմանվել է փորձաշրջան՝ մեկ տարի ժամկետով:
Շ.Գևորգյանի նկատմամբ նշանակված պատիժը՝ Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերի կիրառմամբ, պայամանականորեն չի կիրառվի. նրա նկատմամբ ևս նշանակվել է փորձաշրջան՝ մեկ տարի ժամկետով:
Սակայն մեղադրանքը պաշտպանած Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազը բողոք է բերել, որի քննությունը շարունակվում է Վերաքննիչ դատարանում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի` 28.10.2014թ. համարում:
