Զոհրաբյանի ցուցակի «հաղթանակը» ողբերգություն է փաստաբանության համար
Փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը և Արթուր Գրիգորյանը հայտարարություն են տարածե; ՓՊ-ի խորհրդի անդամի ընտրություններ վերաբերյալ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև:
Հարգելի փաստաբաններ,
Սույն թվականի փետրվարի 11-ին տեղի ունեցան ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններ, որոնց գրանցված արդյունքում Խորհրդի 12 անդամ ընտրված համարվեցին Պալատի նախագահ Ա.Զոհրաբյանի ցուցակային համակիրները: Այն, որ Զոհրաբյանի առաջ քաշված ցուցակի ընտրության համար օգտագործվել է Պալատի ողջ վարչական ռեսուրսը, մեր կարծիքով ակնհայտ է և չունի ապացուցման կարիք: Նախընտրական քարոզչության հենց առաջին օրը ցուցակով հանդես գալը ակնհայտ ապացույց է, որ ի սկզբանե նպատակ էր դրվել բացառել որևէ անկախ և ինքնուրույն փաստաբանի մասնակցությունը Պալատի կառավարմանը, ինչն արդյունքում և ստացվել է: Ստեղծված իրավիճակը հետևյալն է՝ Պալատի նախագահին ամբողջությամբ հաջողվել է իր միահեծան հսկողության տակ վերցնել Պալատի բոլոր գործառույթները, և հաշվի առնելով, որ Պալատը փաստացի ունի մենաշնորհային դեր փաստաբանական գործունեությունը թույլատրելու կամ արգելելու հարցում, յուրաքանչյուր անկախ փաստաբան հայտնվել է իրական վտանգի առջև՝ իր մասնագիտական գործունեության համար ենթարկվել իրենց հիմքում ապօրինի հետապնդումների: Այս վիճակը նոր չէ, այն հասունանում էր շուրջ 3.5 տարի, իսկ վերջին ընտրությունները պարզապես հաստատեցին այն: Փաստաբանության ընդհանրական շահը պաշտպանելուց փաստացի հրաժարումը, փաստաբանների հետապնդումները կարգապահական վարույթների միջոցով, անդրկուլիսյան անընդունելի խաղերը՝ սոցիալական ցանցերում հարձակումների կազմակերպումն և այլն, փաստաբանների վերաբերյալ <կոմպրոմատների> փնտրտուքը և տարածումը, փաստացի բացահայտ կախվածությունը պետական մարմիններից դարձել են իրականություն և ապագայում միայն բազմապատկվելու են:
Նման պայմաններում Ա.Զոհրաբյանի ցուցակի «հաղթանակը» ողբերգություն է փաստաբանության համար:
Չենք կարող շնորհավորել խորհրդի նոր անդամներին, քանզի իրենց հաղթանակով իրենք պարտական են ոչ թե միայն իրենց ձայն տված փաստաբաններին, այլ Պալատի նախագահի կողմից վարչական ռեսուրսի լայն գործադրմանը և մի շարք այլ հանգամանքներին, որոնց մասին դեռ կխոսվի ապագայում:
Խորհրդի անդամ դարձած անձանց ձայների փաստացի հավասարությունը՝ որոշակի տարբերություններով, մասնավորապես, հարյուրավոր քվեաթերթիկների առկայությունը , որոնցում քվեարկությունը կատարված է միմիայն ցուցակում ընդգրկված թեկնածուների օգտին, վկայում են, որ տեղի ունեցածը ընտրություններ չեն, քանի որ տեղի է ունեցել ընտրողների կամքի ազատ ձևավորման վրա ակնհայտ ապօրինի ազդեցություն:
Հետևաբար՝ չենք ընդունում փետրվարի 11-ի փաստաբանների պալատի խորհրդի ընտրությունների արդյունքները, համարելով դրանք ոչ օրինական և դիմելու ենք ընտրությունների արդյունքների դատական վիճարկմանը:
Խորհրդի կազմում ընդգրկված այն անձանց, որոնք ուղղակի չեն նպաստել և իրենց էությամբ չեն կարող նպաստել վերը նշված իրավիճակի ստեղծմանը, կոչ ենք անում հրաժարվել խորհրդի անդամությունից:
Նման դեպքերում, այն թեկնածուները, որոնք կարող են ընդգրկվել մեխանիկական կարգով խորհրդի կազմում, իրականում փաստաբան լինելու դեպքում համոզված եմ, որ կհրաժարվեն նման «հնարավորությունից»:
Եվ ի վերջո՝ մենք չենք պնդում, որ ստացել ենք առավել ձայներ, քան արձանագրված է, և ոչ այն պատճառով, որ անվերապահորեն վստահում ենք հաշվիչ հանձնաժողովին, այլ որպեսզի թյուր կարծիք չձևավորվի, որ խորհրդի անդամ դառնալը մեր համար կարևորագույն կամ բաղձալի միակ նպատակն էր:
Մեր նպատակը միակն է՝ փրկել անկախ փաստաբանությունը:
Հարգանքով՝
Տիգրան Աթանեսյան
Արթուր Գրիգորյան
