«Զվարթնոցի» հին համալիրն ամրացնելու պարագայում էլ հնարավոր չի լինի ամբողջությամբ պահպանել նախկին տեսքը
Հանրային խորհրդում, հոկտեմբերի 31-ին, տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստ, որի օրակարգային գլխավոր հարցը հերթական անգամ եղել է «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղեւորային համալիրի (կլոր շենք) հետագա ճակատագիրը: Նիստը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Հարցի քննարկմանը մասնակցել են ոչ միայն խորհրդի անդամներն ու այն ենթահանձնաժողովների նախագահները, որտեղ հարցը դրվել է քննարկման, այլեւ ՀԽ հրավերով` նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն, օդանավակայանի ենթակառուցվածքների տնօրեն Լուկաս Մոնսալոն, օդանավակայանի տեխնիկական տնօրեն Աշոտ Միրզոյանը, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանը: Վազգեն Մանուկյանը նախ հիշեցրել է, որ քաղավիացիայի գլխավոր վարչությունը օգոստոսին դիմել էր Հանրային խորհուրդ` առաջարկելով հարցը քննարկել, որպեսզի մինչ վերջնական որոշում կայացնելը առավել հասկանալի լինեն հանրության եւ ոլորտի այլ մասնագետների տեսակետները: Հարցը քննարկման էր դրվել ՀԽ համապատասխան ենթահանձնաժողովներում (քաղաքաշինության եւ ճարտարապետության, օդային տրանսպորտի քաղաքականության, մշակույթի, ազգային արժեքների), տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովում, եւ կառույցը քանդելու վերաբերյալ բացասական որոշումներ էին կայացվել, միաժամանակ ներկայացվել էին առաջարկներ դրա պահպանման, հետագա օգտագործման եւ այլ հարցերի վերաբերյալ: Հետագա առավել խորքային ու համակողմանի քննարկումների համար անհրաժեշտություն էր առաջացել օդանավակայանի ղեկավարության կողմից ստանալ եւ ուսումնասիրել որոշակի փաստաթղթեր` մասնավորապես ընկերության մաստեր-պլանը, որից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել լսել քաղավիացիայի գլխավոր վարչության եւ օդանավակայանի ղեկավարության տեսակետը, որի նպատակով էլ գումարվել էր ՀԽ փոքր խորհրդի նիստ: Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը հայտնել է, որ իրենց կողմից Հանրային խորհուրդ դիմելը պայմանավորված է եղել գործընթացը թափանցիկ իրականացնելու եւ հանրության տեսակետը լսելու հանգամանքով: Օդանավակայանի գլխավոր տնօրենի խոսքով` երբ 2002 թվականին կառավարության եւ ընկերության միջեւ կնքվել է կոնցեսիոն պայմանագիր, նախեւառաջ կառավարության առջեւ հարց է դրվել` ստեղծել նո՞ր ուղեւորային համալիր, թե՞ վերակառուցել հինը: Կառավարությունը կողմ է եղել նորի կառուցմանը: Կառուցվել է 2,5 մլն ուղեւորափոխադրումների համար նախատեսված համալիր` թեեւ ուղեւորների թիվն այդ ժամանակ եղել է 600-700 հազար: Այժմ, ըստ Մարսելով Վենդեի, նոր ուղեւորային համալիրն ընդլայնելու խնդիր է առաջացել, քանի որ ոլորտը, մասնավորապես բաց երկնքի քաղաքականությամբ պայմանավորված, զարգանալու միտում ունի, եւ օդանավակայանը պետք է պատրաստ լինի դրան: Գլխավոր տնօրենը նաեւ հայտնել է, որ 2002-ին իրենց կողմից հրավիրվել են արտասահմանյան մասնագետներ, որոնք ուսումնասիրություններ են կատարել հին ուղեւորային համալիրում եւ փաստել, որ անգամ այդ ժամանակ կառույցի շինարարությունը չի համապատասխանել որոշակի չափանիշների, այդ պատճառով էլ արագ հայտնվել է նման վատ վիճակում: Վենդեն, սակայն, չի հստակեցրել, թե ինչ կազմակերպությունների մասին է խոսքը: Նա նաեւ ընդգծել է, որ հին ուղեւորային համալիրն այլեւս հնարավոր չէ ծառայեցնել իր նպատակին, եւ առավել նպատակահարմար է նոր մասնաշենքի ընդլայնումը: Հարցին, թե ինչու է օդանավակայանի ընդլայնումն իրականացվելու հատկապես հին համալիրի ուղղությամբ, պարզաբանվել է, թե հակառակ դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոխելու օդանավակայանի ողջ կառուցվածքը, ինչը մեծ ծախսերի հետ է կապված: Նաեւ նշվել է, որ հին ուղեւորային համալիրի տարածքն անհրաժեշտ է միայն որպես նոր օդանավակայանի շարունակություն կառուցելու եւ օգտագործելու նպատակով, եւ կլոր շենքը քանդելու դեպքում որեւէ այլ նշանակության կառույց այնտեղ չի նախատեսվում: Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը հայտնել է, որ հին ուղեւորային համալիրը քանդելը կարժենա մոտ 2 մլն դոլար, իսկ ամրացնելը` 10-12 ` միաժամանակ նշելով, որ ամրացնելու պարագայում էլ հնարավոր չի լինի ամբողջությամբ պահպանել նախկին տեսքը: ՀԽ նախագահի հարցին ի պատասխան` նա ասել է, որ օդանավակայանի զարգացման այլընտրանքային տարբերակներ ֆինանսական հաշվարկների տեսանկյունից չեն արվել, սակայն նշել է, որ իրենց կողմից միակ իրատեսական տարբերակը այս պահին համարվում է զարգացումը դեպի հին ուղեւորային համալիր: Սեյսմոլոգ Զավեն Խլղաթյանը Հանրային խորհրդին տեղեկացրել է, որ իրենց կողմից 2011 թվականին իրականացվել են շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ ուսումնասիրություններ, եւ պարզվել է, որ շենքը լուրջ վնասվածքներ ունի: Սեյսմիկ իրավիճակի վերլուծությունը նույնպես մտահոգվելու տեղիք է տվել: Միաժամանակ, ՀԽ անդամների հարցին ի պատասխան, սեյսմոլոգը հայտնել է, որ շենքը կարող է դիմանալ:
