Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջեւ համագործակցությունը շարունակվում է
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Կենսաբազմազանության կայուն կառավարման» ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Թոմաս Էբերհեռին: «GIZ-ի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը ողջունելի են և համոզված եմ, որ այսուհետ ևս երկկողմ համագործակցությունն արդյունավետ կլինի»,- ողջույնի խոսքում նշել է նախարարը: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունից: Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցության շրջանակներում իրականացնում է «Կենսաբազմազանության կայուն կառավարում. Հարավային Կովկաս» ծրագրի երկրորդ փուլը` «Անտառների կայուն կառավարում» և «Ինտեգրված ագրոբազմազանության կառավարում» ուղղություններով: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կարևորել է հատկապես GIZ-ի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերից անտառային տարածքների արբանյակային նկարահանումները, ինչը հնարավորություն է ընձեռել ստանալ անտառների կառավարման իրական պատկերը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պարոն Էբերհեռը պատրաստակամություն է հայտնել պարբերաբար տեղեկացնել ծրագրի ընթացքի մասին և ուսումնասիրել հանդիպումների ժամանակ բարձրացված հարցերն ու առաջարկությունները, որոնք կխթանեն ծրագրի արդյունավետ իրականացմանը:
