Եթե նախկին վարչապետը երկրորդ նախագահին «չջղայնացներ», ապա գուցե «ոչ իշխանական» քարոզչությունն իր դեմ չէր սաստկանա
Թերթն իր խմբագրականում գրում է.
«Մի բան պարզ է՝ վերացական, «օդի մեջ» խոսակցությունները՝ «քաղաքական գնահատական տանք Տիգրան Սարգսյանի կառավարության աշխատանքին», բացարձակապես անօգուտ են և շատ արագ կարող են վերածվել «ներկաների» և «նախկինների» ավանդական սնամեջ լեզվակռվի, որի նմուշները բազմաթիվ էին 1998 թվականին և երբեմն հանդիպել են նաև հետագայում:
Վերջին նման բանավեճը անցած տարվա վերջին հրահրել է ինքը՝ Տիգրան Սարգսյանը, խոսելով 2000-ականների սկզբի «շինարարական փուչիկի» մասին: Եթե նախկին վարչապետը երկրորդ նախագահին իր այդ դատողություններով [ճիշտ թե սխալ՝ կարևոր չէ] «չջղայնացներ», ապա գուցե «ոչ իշխանական» քարոզչությունն իր դեմ այդ աստիճանի չէր սաստկանա, և քառյակն էլ այդքան ակտիվ չէր պայքարի վարչապետի հրաժարականի համար:
Առհասարակ այս հարցում պետական մշակույթը, իմ կարծիքով, պետք է բաղկացած լինի երկու փոխլրացնող տարրերից, ա/ չբարդել քո դժվարությունները նախորդների վրա, չտրտնջալ «ծանր ժառանգության» կապակցությամբ [ինչպես և վարվում է, ի պատիվ իրեն, ներկայիս կառավարությունը], բ/ եթե ակնհայտ է, որ անցյալում կատարվել է հանցագործություն, ապա առանց վարանելու հարուցել քրեական գործ և պատժել մեղավորներին՝ անկախ նրանից, թե ովքեր են նրանք:
Մենք չպիտի ապրենք ո՛չ նախկիններին վարկաբեկելու, ո՛չ էլ հանցագործությունները կոծկելու պայմաններում»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
