Կառավարությունը չհաստատեց «Շրջանառության հարկի» մասին օրենքում ԲՀԿ-ական պատգամավորների առաջարկած փոփոխությունները
ՀՀ կառավարությունն այսօր իր հերթական նիստին մերժեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Բազմասեր Առաքելյանի և Վահան Կարապետյանի՝ կառավարություն ներկայացրած «Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է շրջանառության հարկ վճարողներին գործունեության առաջին երեք տարիներին ազատել առևտրական, ինչպես նաև արտադրական գործունեությունից եկամուտների մասով շրջանառության հարկի վճարման պարտավորությունից։
Նախարարը, միեւնույն ժամանակ նշեց, որ.«Միայն շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցումն անընդունելի է. դրույքաչափի նվազեցումը պետք է կատարվի ձեռքբերումները պարտադիր փաստաթղթավորելու պահանջի ներդրմամբ: Անընդունելի է նաև շրջանառության հարկ վճարողներին շրջանառության հարկի վճարումից ազատելը` առանց ձեռքբերումները պարտադիր փաստաթղթավորելու պահանջի ներդրման: Սա շատ կարևոր է այն պատճառով, որ փաստաթղթավորման պարտադիր պահանջի բացակայությունը հանգեցնում է խոշոր բիզնեսի իրական շրջանառությունների քողարկմանը»,-ասաց նա:
