Երբեմն Շտապօգնության բժիշկները գազանանոցում հաճախորդներից ուտելիք ակնկալող արջուկների հայացքով այնպես են դեմքիդ նայում, որ…
Comment
Վերջին օրերին «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը սկսել է հերթով հարցազրույցներ տալ լրատվամիջոցներին, որտեղ բացատրում է և կարծես թե նույնիսկ փորձում արդարացնել շտապօգնության աշխատակիցների հաճախակի ուշացումները կանչերի ժամանակ: Նույնիսկ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցի ժամանակ տիկին Ստեփանյանն ասել է, որ կան դեպքեր, երբ ուշանալը վտանգավոր չէ, իսկ խոսելով շտապօգնության աշխատակիցների՝ անվճար ծառայության համար քաղաքացիներից փող վերցնելու երևույթի մասին՝ Թագուհի Ստեփանյանն ասել է. «Գիտեք ինչ՝ որ թող բնակիչը վճարի, ոչ էլ հետագայում դրա մասին բողոքի ու խոսենք...»:
Հաշվի առնելով բազմաթիվ բնակիչների ոչ բարվոք սոցիալական վիճակը՝ կարելի է ենթադրել, որ հենց այնպես, որպես բարի կամքի դրսևորում՝ բնակիչներից շատերը չէին վճարի՝ մանավանդ շատ լավ իմանալով, որ ծառայությունն անվճար է, եթե շտապօգնության աշխատակիցներն իրենք բնակիչներից գումարներ չուզեն: Եվ ոչ ոք չի ասում, թե նրանք բացահայտ գումար են պահանջում: Իհարկե, ոչ: պարզապես հաճախ գործը ավարտելուց հետո կանգնում և այնպես են դեմքիդ նայում գազանանոցում հաճախորդներից ուտելիք ակնկալող արջուկների հայացքով, որ միայն թաթիկով նշան անելն է պակասում: Իսկ նման հայացքներից հետո արդեն դժվար է լինում նրանց որևէ բան չտալը: Վերջիվերջո, քաղաքացիներն էլ խղճի զգացողություն ունեն, մյուս կողմից էլ՝ վախենում են, որ եթե փող չտան, ապա հաջորդ անգամ շտապօգնությունը կարող է այնքան ուշանալ, որ իրենց հիվանդը մեռնի:
Արտյոմ Եդիգարյան