Անտառների վերահսկողության բաժնի նախկին պետ, կալանավորված Լաբլաջյանը կդատակոչվի՞ Մաթևոսյանի սպանության գործով. «Չորրորդ Իշխանություն»
Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Թովմա Մաթևոսյանի սպանության գործով դատավարությունը:
«Չորրորդ Իշխանություն» օրաթերթի տեղեկացմամբ՝ այս անգամ դարձյալ չեն ներկայացել գործով առանցքային վկաները՝ Գարիկ Պարանյանը և Սամվել Վանյանը:
Նրանք դեպքի օրը եղել են Մաթևոսյանի հետ:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ դատական նախորդ նիստին որոշում էր կայացվել նրանց բերման ենթարկելու մասին, սակայն երեկվա նիստում պարզ դարձավ, որ ոստիկանությունը նրանցից տեղյակ չէ:
Արդյուն քում՝ տուժողի շահերի ներկայացուցիչը միջնորդել է պարզել, թե արդյոք նրանք հատե՞լ են հանրապետության սահմանը, թե՝ ոչ:
Այսինքն՝ կասկած կա, որ նրանք միգուցե լքել են երկիրը, և հենց այդ է պատճառը, որ ծանուցագրերը տեղ չեն հասնում, իսկ բերման ենթարկելու որոշումներն ի կատար չեն ածվում:
Թերթը նաև հիշեցնում է, որ օրեր առաջ Լորուտի անտառապետ Գարիկ Պարանյանն ազատվել էր աշխատանքից, իսկ Վանյանը փոխել էր գրանցման հասցեն:
Երեկվա դատական նիստում Վարոսյանը միջնորդել է դատարան կանչել բնապահպանության նախարարության պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի նախկին պետ Արմեն Լաբլաջյանին:
Իսկ վերջինս մեղադրվում է քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետով: Այս քրեական գործով կալանավորվել է նաև բնապահպանության նախարարության արագ արձագանքման խմբի աշխատակից Զ.Կարապետյանը, ով բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի ընկերոջ տղան է:
Իսկ Լաբլաջյանի եղբայրը, ի դեպ, բնապահպանության նակին նախարարի և ներկայիս Կոտայքի մարզպետի վարորդն է: Ինչ վերաբերում է Լաբլաջյանին դատարան կանչելուն, ապա դատարանը բավական երկար ու բարդ ընթացակարգ պիտի անցի, քանի որ նա կալանավորված է:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ Իշխանություն» օրաթերթի` 10.10.2014թ. համարում:
