Ամեն ոք կարող է օգտվել իր իրավունքից. ԲՀԿ-ականները՝ հանրահավաքին չմասնակցողներին «ճաք տվածներ» պիտակավորելու մասին
Tert.am-ը գրում է.
Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը, կարող է գնալ, կարող է՝ չգնալ հանրահավաքի և դրա համար որևէ մեկը որևէ մեկին չի կարող պիտակավորել: Tert.am–ի հետ զրույցում, ըստ էության, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո), ի պատասխան հարցի, թե կիսո՞ւմ է կայքերից մեկի հոդվածագրի այն կարծիքը, թե ով չմասնակցի հանրահավաքին, ապա «ճաք տված է»:
«Ճաք տված են, Ճաք տված չեն, ես ի՞նչ իմանամ, ով որ ասել է, նրան հարցրա,– ասաց Ռուբեն Գևորգյանը և ավելացրեց,– Ամեն մեկն իր կարծիքն ունի՝ կգնա, չի գնա, ո՞վ իրավունք ունի մարդուն վիրավորի, կամ էլ՝ չվիրավորի, կամ էլ՝ ինչ-որ պիտակներ կպցնի»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ում ևս ուղղել էինք նույն հարցը, ի պատասխան ասաց, որ այն անլուրջ է, այսինքն՝ «Ճիշտ չէ, չի սազում և պետք չէ ուղղել»:
ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը՝ ի պատասխան հարցի, թե կիսո՞ւմ է կարծիքը, որ ով չմասնակցի հանրահավաքին, «ճաք տված է», ասաց. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը հայտնելու իրավունք, նույն կերպ՝ յուրաքանչյուր ոք ունի իր բողոքը հայտնելու իրավունք և որքանով քաղաքացին կօգտվի իր իրավունքից դա արդեն իր գործն է: Այդ հանրահավաքը ժողովրդի բողոքի հանրահավաք է և եթե գալու են հանրահավաքի, պարզապես օգտվում են իրենց գալու իրավունքից, եթե չեն գալիս, օգտվում են՝ չգալու իրենց իրավունքից: Հետևաբար, իմ գնահատմամբ՝ այստեղ որևէ այլ կարծիք չի կարող լինել»:
մանրամասները` սկզբնաղբյուրում
