Խնդրում եմ, եղե՛ք ուժեղ, ՀՀ-ին ուժեղ Մարդու իրավունքների պաշտպան է պետք. Թևան Պողոսյանը` Կարեն Անդրեասյանին
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած տարեկան զեկույցի քննարկմանը հորդորեց պաշտպանին զբաղվել հասարակության իրավագիտության բարձրացմամբ, որպեսզի նվազեցվեն մարդու իրավունքների խախտումների ստվերային դեպքերը:
«Խնդրում եմ, եղեք ուժեղ, ՀՀ-ին ուժեղ Մարդու իրավունքների պաշտպան է պետք, դուք գնացեք առաջ, մենք ձեզ կհետևենք»,–ասաց նա։
Այնուհետև պատգամավորն անդրադարձավ պետական գերատեսչությունների կողմից թույլ տրված խախտումներին, որոնք տեղ են գտել զեկույցում: Դիմելով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ պատգամավորն ասաց. «Զեկույցում ներկայացրել եք հավելված, որտեղ նշել եք պետական մարմինների կողմից թույլ տրված խախտումների մասին տեղեկություն, ցանկալի կլիներ, որ նախորդ տարիների տեղեկություն տրամադրեք, ինչը թույլ կտա հասկանալ դինամիկան: Արդարադատության նախարարության վերաբերյալ նշել եք, որ Արդարադատության խորհրդի կողմից տեղի են ունենում խախտումներ, սա մտահոգիչ է, և այս դեպքում, կարծում եմ, որ պետք է դադարեցվի այդ խորհրդի աշխատանքը»։
Թևան Պողոսյանը զեկույցից եկել էր այն եզրակացության ԱՆ արդարադատության խորհուրդը չի պատժում այն դատավորներին, որոնք կիրառել են Սահմանադրական դատարանի կողմից անվավեր ճանաչված օրենքի դրույթներ:
