Պատրաստվում են 47 սահմանամերձ համայնքի հարկային արտոնություն տալ, ցանկը կսահմանի Կառավարությունը. Վ. Միրումյան
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը սահմանամերձ բնակավայրերին հարկային արտոնություններից ազատելու և այլ օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ այսօր ԱԺ-ում գլխավոր զեկուցող Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին հարցրեց, թե քանի՞ սահմանամերձ բնակավայրի են ուզում հարկային արտոնությունը տալ և կա՞ն արդյոք հաշվարկներ, թե քանի՞ սահմանամերձ բնակավայր ունենք:
Փոխնախարարը նշեց, որ այնքան էլ հստակ չէ սահմանամերձ բնակավայրերի քանակը, քանի որ մի քանի սկզբունքների հիման վրա են որոշում, թե սահմանամերձ որ բնակավայրն է համարվում: «Այն տարածաշրջանները, որոնց վրա տարածվելու է այս հարկային արտոնությունը, նախագծով առաջարկվում է ցանկը սահմանել Կառավարության կողմից»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է բնակավայրերի քանակին, փոխնախարարը տեղեկացրեց, որ կատարվել են համապատասխան հաշվարկներ, ըստ նախնական հաշվարկների՝ խոսքը 47 համայնքի մասին է:
Բագրատյանը հետաքրքրվեց նաև, թե այս նախաձեռնությամբ բուն եկամտահարկին հարկային արտոնություն տրվում է, թե ոչ. «Օրինակ` դպրոցի գյուղում աշխատող ուսուցչի աշխատավարձի մասով նման բան տալի՞ս եք, օրինակ՝ Չինարի գյուղում աշխատող ուսուցչին հարկային արտոնություն տրվո՞ւմ է»,- հարցրեց ՀԱԿ պատգամավորը:
Փոխնախարարը պատասխանեց, թե բոլոր ֆիզիկական անձինք ունենում են պարտավորություն, և աշխատավարձից եկամտահարկ գանձվելու է:
