Վախտանգ Միրումյան. Հողի հարկի և գույքահարկի մասով պետական աջակցության հարցերն ամբողջությամբ կարգավորված են
Կառավարությունն ընդունում է «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ Ազգային ժողովի դահլիճում հնչած առաջարկությունները և երկրորդ ընթերցմամբ քննարկման կներկայացնի փաթեթից առանձնացված վերոհիշյալ օրինագիծը և առանձին՝ մնացած օրենքների փաթեթը:
Այս մասին փաթեթի վերաբերյալ եզրափակիչ ելույթում հայտնեց հիմնական զեկուցող՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախտանգ Միրումյանը:
Նա նշեց նաև, որ, կապված արտոնությունների շրջանակների և հնարավոր անորոշության հետ, կառավարությունն առաջարկում է մինչև երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածը առաջնորդվել ՀՀ կառավարության՝ 2013թ. մարտի 21-ի որոշմամբ հաստատված համայնքների ցանկով՝ կողմնորոշվելու համար, թե որ համայնքների վրա պետք է տարածվեն արտոնությունները:
Ինչ վերաբերում է այն մտահոգություններին, որ սահմանամերձ տարածաշրջանների բնակիչներին հասցեական օգնություն չի նախատեսված, ապա, ըստ փոխնախարարի, «հողի հարկի և գույքահարկի մասով աջակցության հարցերն ամբողջությամբ կարգավորված են»:
Ըստ փոխնախարարի՝ սահմանամերձ տարածաշրջաններում գույքահարկ չի վճարվում, քանի որ, գործող օրենքի համաձայն, մինչև 3 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող շենք-շինությունների համար գույքահարկի դրույքաչափը 0 տոկոս է, իսկ սահմանամերձ համայնքներում անշարժ գույքի կադաստրային արժեքը 3 մլն-ը չի գերազանցում:
Հողի հարկի վճարման գծով կառավարությունը, իր նախկին որոշումներից մեկի համաձայն, որոշակի աջակցություն է ցուցաբերում մարտական գործողությունների արդյունքում չօգտագործվող հողերի մասով:
