«Սայլը տեղից կշարժվի». ՀՀ գլխավոր դատախազը խոստացել է զբաղվել մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելու հարցով. Հրապարակ
Հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում մեզանում: Երբեմն նաեւ իշխանությունը տեղի է տալիս հասարակության ճնշումներին եւ փոքրիկ զիջումների գնում: Նախօրեին հղիների պայքարի արդյունքում որոշ զիջումներ արվեցին ծննդաբերության եւ հղիության նպաստների հետ կապված: Իսկ երեկ տեղեկացանք, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, հանդիպելով մարտի 1-ի զոհերի հարազատներին, հայտարարել է, որ գործի քննությունն ավարտված չէ, շարունակվում է, եւ «սայլը տեղից կշարժվի»: Բացի այդ, նաեւ խոստացել է զբաղվել զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելու հարցով: Տուժողների իրավահաջորդները, անշուշտ, կասկածում են, որ մարտի 1-ի գործը երբեւէ կբացահայտվի, եւ այնքան էլ չեն հավատում այս խոստումներին, սակայն որոշակիորեն հուսադրվել են եւ պատրաստ են մի քիչ էլ սպասել: Բայց այս ամբողջ պատմության մեջ հետաքրքիրն այլ բան է. «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժն ունկնդրած մեր ընթերցողներից մեկը երեկ լսածից «բնական» հետեւություն էր արել. իշխանությունը որոշել է Ծառուկյանին մարտի 1-ով նեղել: Հակառակ դեպքում՝ ինչո՞ւ պետք է այսօր հիշեին մարտի 1-ն ու բացահայտման խոստում տային մի գործով, որը հենց իրենք էլ մտցրել են փակուղի եւ ամեն ինչ արել, որ չբացահայտվի՝ տրամաբանական հարց էր տալիս զրուցակիցս: Այս մտահանգումները լսելիս ես մտածում էի՝ ինչքա՜ն է հավատը նվազել մեր հասարակության մոտ, ինչքա՜ն են համոզված, որ մեզանում ոչինչ հանուն արդարության, հանուն արդարադատության չի արվում, որ ամեն ինչի մեջ ենթատեսքտեր են փնտրում, խորքային, թաքուն նպատակներ: Ինչքան վատ են մտածում սեփական իշխանության մասին, որ կարծում են, որ յուրաքանչյուր քայլի ետեւում քաղաքական հակառակորդներին ճնշելու, նեղելու մտադրություն է թաքնված:
