«Մանանա Գրեյն»-ի գործով ամբաստանյալի ընտանիքի անդամները հացադուլ կսկսեն, կդիմեն նաև ծայրահեղ քայլի՝ կինքնահրկիզվեն. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է, որ «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության տնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից 56մլն. դրամի գողության գործով գողությանն օժանդակելու համար մեղադրվող HSBC բանկի աշխատակից Աշոտ Առուշանյանի ընտանիքի անդամներն այսօր Նախագահի նստավայրի մոտ հացադուլ կսկսեն:
Լրատվամիջոցը զրուցել է Ա.Առուշանյանի հոր հետ, ով իր խոսքում նշել է, որ Վերաքննիչ քրեական դատարանը շահագրգռված է գործն ի վնաս ամբաստանյալի լուծելու:
Ըստ Ա.Առուշանյանի հոր՝ դատարան ներկայացված տեսագրությունները մոնտաժված են ներկայացվել: Այդ կապակցությամբ իրենք դիմել են փորձագիտական կենտրոն, նշանակվել է քննություն, որի արդյունքում տրամադրվել է ամբողջ տեսաձայնագրությունը, որը չի համապատասխանում դատարանում ցուցադրված տեսագրությանը:
«Հրապարակ»-ի զրուցակցի կարծիքով՝ ցանկանում են հանցագործությունը կոծկել: Նա նաև նշել է, որ թույլ չի տրվել, որ պաշտպանը քննիչին հարցեր ուղղի, դատարանում բազմաթիվ կեղծիքներ են տեղի ունենում:
Այժմ ընտանիքի անդամները որոշել են, որ եթե հարցին լուծում չտրվի, ծայրահեղ քայլերի են դիմելու, սպռնում են ինքնահրկիզվել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի` 11.11.2014թ. համարում:
