Նոյեմբերի 10-ին վթարի ենթարկված «Գազել»-ը պատկանում է ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընկերությանը.
Ժողովուրդ թերթը գրում է. Երեւան-Գյումրի մայրուղում նոյեմբերի 10-ին վթարի ենթարկված «Գազել»-ը, որի ուղեւորներից յոթը զոհվեց, իսկ յոթը մարմնական վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց, պատկանում է «Տրանսակնթարթ» ՍՊԸ-ին: Այս ընկերության համասեփականատերերից է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատգամավորը հաստատել է նշված ընկերության սեփականատեր հանդիսանալու հանգամանքը: Պատգամավորը նաեւ ասել է, որ «Գազելը» 2005 թվականի արտադրության է եղել, սակայն գտնվել է լիարժեք սարքին վիճակում: Մարտուն Գրիգորյանի պատմածների համաձայն՝ վթարի պատճառը դարձել է «Կամազ»-ը, որը հանկարծակի դուրս է եկել մայրուղի եւ փակել ճանապարհը: Իսկ հրդեհը բռնկվել է, որովհետեւ մարդատար «Գազելը» բախվել է բեռնատարի վառելիքի բաքին, ինչի արդյունքում դիզվառելիքի մի մասը թափվել է միկրոավտոբուսի վրա, իսկ մյուս մասն էլ՝ գետնին` պատճառ դառնալով հրդեհի բռնկման համար:
