Պտղնի համայնքի ղեկավարը չհերքեց, որ գյուղում հնչած կրակոցների պատմության հետ կապ ունի նաև գյուղապետի որդին.
Ժողովուրդ թերթը գրում է. Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավարը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց լուրերը, ըստ որոնց՝ հոկտեմբերի 30-ին այս գյուղում հնչած կրակոցների պատմության հետ կապ ունի նաեւ գյուղապետի որդին` Հակոբ Վիրաբյանը: Գյուղապետը, թերթի բոլոր հարցերին ի պատասխան, ասաց, որ չի մեկնաբանում անձնական հարցերը: Նա նախընտրեց չպատասխանել նաեւ մեր այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի որդու կողմից ապօրին զենք պահելու եւ կիրառելու փաստը: Տեղեկացնենք, որ 41-ամյա Հակոբ Վիրաբյանն ու 39-ամյա Մհեր Բաղդասարյանը նշված օրը վիճաբանություն են սկսել, որն ավարտվել է կրակոցներով: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանավորումը:
Ավելի վաղ shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ Հ. Վիրաբյանի տանից հայտնաբերվել են 2 հատ պնեւմատիկ հրացան՝ «Սայգա-12» եւ «Սայգա» տեսակի, 7. 62 տրամաչափի ինքնաձիգ` դատարկ փամփուշտակալներով, մեկ հատ «ԻԺ 76-8» տեսակի գազային ատրճանակ, որի փամփշտակալի մեջ եղել է 7 հատ փափմուշտ: Հայտնաբերվել են նաեւ գազային ատրճանակի 9 փամփուշտ, 1 հատ գաղտնի փականով ծալովի դանակ, 2 հատ մահակ, 44 հատ չկրակված, 3 հատ կրակված 12 տրամաչափի փամփուշտներ: Հայտնաբերված հրազենն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:
